Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՅԴ-ն վստահ է Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում արդիական պետական համակարգի ձևավորման հարցում

ՀՅԴ-ն վստահ է Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում արդիական պետական 
համակարգի ձևավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն համոզված է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը նոր էջ է բացելու Հայաստանի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրականացման նոր, արդիական պետական համակարգ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այն փոխելու է արդեն իրեն սպառած և վարկաբեկված գործող կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը: Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք, որ 1991-1995թթ հաստատված օրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր և ունենալու էր ծանր հետևանքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ռուստամյանը:

Նա նկատեց, որ ՀՀ Նախագահի ինստիտուտը ներդրված էր դեռևս 1991թ., երբ Հայաստանը դեռ Սահմանադրություն չուներ: «Իսկ ինչպես փաստում է մարդկության փորձը, Սահմանադրության և դրա վրա հիմնված օրենսդրության բացակայության պայմաններում ցանկացած երկրում պետական կառավարման նախագահական ձևը անխուսափելիորեն տանում է բռնապետության, ինչում հայ ժողովուրդը համոզվեց սեփական փորձով: 1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավաբանական ուժ և շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին: ՀՅԴ-ն այդ ժամանակ հնարավորություն չունեցավ հնարավոր վտանգների մասին մեր ժողովրդին տեղեկացնել և կանխել այդպիսի Սահմանադրության ընդունումը, որովհետև կուսակցության գործունեությունը հանրաքվեից առաջ արգելվեց, իսկ կուսակցության անդամների մի մասը ձերբակալվեց ռեժիմի կողմից: Այդ օրերին «Ոչի» ճակատի մասին խոսք անգամ չէր կարող գնալ, ուր մնաց խոսել Սահմանադրության լեգիտիմության մասին»,- մանրամասնեց Ռուստամյանը:

Պատգամավորը նշեց, որ հիմա ՀՅԴ-ն անում է այն, ինչ չի կարողացել անել 1991-1995թթ: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի այսօրվա «այո»-ն իր հետևողական «ոչ»-ն է 1995թ. հակաժողովրդական Սահմանադրությանը: «Ինձ համար անընդունելի, բայց  հասկանալի է, որ այն ռեժիմի ներկայացուցիչները, ովքեր այն ժամանակ ընդունել են Սահմանադրությունը, պետք է հիմա «ոչ» ասեն այդ Սահմանադրության փոփոխությանը, քանզի այդ դեպքում ստիպված կլինեն ընդունել իրենց ֆիասկոն: Սակայն դժվար է հասկանալ նրանց, ովքեր երկար ժամանակ հետապնդել են և կարևորել են կառավարման խորհրդարանական համակարգին և համամասնական ընտրակարգին անցնելը, ընդդիմության դերի մեծացմանը, այսօր դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է ոչ թե իրենցից, այլ ՀՀ Նախագահից: Ուրեմն, կամ ժամանակին չեն հասկացել, թե ինչ են պահանջում, կամ` չեն մտածել, որ իրենց պահանջը կարող է բավարարվել: Ուստի,  պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կկատարվեն»,- եզրափակեց Ռուստամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am