Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ադրբեջանի եկող տարվա բյուջեն մոտ 2 անգամ փոքր կլինի

Ադրբեջանի եկող տարվա բյուջեն մոտ 2 անգամ փոքր կլինի

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետբյուջեի գլխավոր աղբյուր հանդիսացող Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն այս տարվա համեմատ մոտ երկու անգամ փոքր կլինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, Աբդուլլաեւը լրագրողներին ասել է, որ կանխատեսումների համաձայն` նավթի համաշխարհային գինը եկող տարի գտնվելու է մեկ բարելի դիմաց 50-55 դոլար մակարդակի վրա, եւ այդ պատճառով, Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթը պետք է հաշվարկվի հենց այդ գնի սահմաններում:

Նրա խոսքով` նավթի գնանկման պատճառով դրա արտահանումից ստացվող եկամուտները 2-2,5 անգամ պակասել են, ինչը նշանակում է, որ նույն չափով պակասել են անեւ SOCAR-ից պետբյուջեին հատկացումները:

«Այդ պատճառով էլ եկող տարվա բյուջեում նավթի բազային գինը պետք է հաշվարկի 50-55 դոլար/բարել չափով»,- նշել է նա:

Այսպիսով` Ռովնագ Աբդուլլաեւը բացահայտել է սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի կառավարությունում այդ երկրի նախագահի մասնակցությամբ եկող տարվա պետբյուջեի հետ կապված քննարկումների արդյունքը, ինչը մինչ այժմ թաքցվում  էր հանրությունից:

Ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկի վերլուծաբաններն օրերս կանխատեսել են, որ եկող տարի միջազգային շուկաներում նավթի գինը կարող է նվազել մինչեւ 20 դոլար/բարելի, քանի որ նավթի առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկը:

Ադրբեջանական կայքը գրում է, որ 2015 թվականի բյուջեում նավթփի մեկ բարելի գինը սահմանվել էր 90 դոլար, սակայն, տարվա ընթացքում շարունակվող էժանացման պատճառով այն այժմ գտնվում է 50 դոլարի սահմաններում: Դա նշանակում է, որ SOCAR-ն այլեւս չի կարողանում կանխատեսված չափով փոխանցումներ կատարել պետբյուջե, այսինքն` 2015 թվականի բյուջեի գծով ճեղքերն անխուսափելի են:

Եկող տարվա բյուջեում նավթի բազային գինը 50-55 դոլարի սահմաններում որոշելը նշանակում է, որ բյուջեի եկամտային մասը ներկայում եղածից խիստ փոքր է լինելու: Արդյունքում` կնվազեն նաեւ ծախսերը, այդ թվում` սոցիալական հատվածի համար եւս, համոզմունք է հայտնում կայքը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` միայն օգոստոսին Ադրբեջանի կենտրոնական բանկի ոսկու եւ արտարժույթի պահուստները գրեթե 1,2 մլրդ դոլարով կրճատվել են:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Դեռեւս 2015 թվականի մայիսին Moody`s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանում մանաթի արժեզրկում եւ տնտեսության աճի տեմպի նվազում կանխատեսել էր այս տարվա երկրորդ կեսին` կասկած հայտնելով Ադրբեջանի բանկային համակարգի կայունության եւ բանկերի կողմից արժեթղթերի ու ավանդների սպասարկման վերաբերյալ:

Իր հերթին Standart & Poor`s վարկային վարկանիշերի ծառայությունն Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից  2 մլրդ կորստի ֆոնին հիմնադրամի վարկանիշի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ «նեգատիվ»:

Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի էժանացումը լրջորեն նվազեցրել է Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Փորձագետների կարծիքով` 2015 թվականին Ադրբեջանում պետք չէ սպասել 1.9 տոկոսից ավելի տնտեսական աճ: 2014 թվականին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները նվազել էին 2,78 տոկոսով:

Ուշագրավ է, որ Իրանն հաջորդ ֆինանսական տարում իր բյուջեի նախագծում, որը կավարտվի 2017 թվականի մարտի 17-ին, նավթի գինը հաշվարկելու է մեկ բարելի դիմաց 42-50 դոլար` ակնկալելով, որ նավթի համաշխարհային գները մոտ ապագայում կմնան ընթացիկ մակարդակի վրա: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` ԶԼՄ-ներին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը:

«Նավթի նախարարության հետ խորհրդակցությունների շրջանակում քննարկվել է նավթի մեկ բարելի դիմաց 42, 45 եւ 50 դոլար տարբերակները, որոնք թույլ կտան վաստակել մոտ 22,5 մլրդ դոլար», -հայտարարել է Նոբախտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am