Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արտեմ Միկոյանի ծննդյան օրը նրա հայրենի Սանահին են ժամանել դուստրը և անվանակից թոռը

Արտեմ Միկոյանի ծննդյան օրը նրա հայրենի Սանահին են ժամանել դուստրը և անվանակից 
թոռը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային ինքնաթիռաշինության լեգենդ Արտեմ Միկոյանի ծննդյան օրը` օգոստոսի 5-ին, նրա հայրենի Սանահին են ժամանել ավիակոնստրուկտորի դուստրը` Սվետլանան և թոռը` Արտեմ Միկոյանը: Միկոյան եղբայրների թանգարանի տնօրեն Հայկուշ Աղբալյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, որոշ հանգամանքներից ելնելով, ավելի ստույգ` Մոսկվայի Ա. Միկոյանի անվան գործարանի ղեկավարության խնդրանքով, հոբելյանական հանդիսությունները, հետաձգվել են մինչև սեպտեմբեր: «Թեև հայրիկիս և Անաստաս Միկոյանի հոբելյանի նշումը հետաձգվել է, ես և իմ որդին որոշեցինք մեր հայրիկի ծննդյան օրն անպայման լինել Սանահինում: Դա մեր ընտանիքում սուրբ ավանդույթ է, և մենք չէինք կարող այսօր չլինել այս հրաշալի երկրում, որտեղ ծնվել է հայրիկս: Հայրիկս սիրել և միշտ հպարտացել է Հայաստանով: Այդ սերը նա փոխանցել է իր զավակներին: Ահա թե ինչու ենք մենք այսօր Սանահինում»,- նշեց ավիակոնստրուկտորի դուստրը` Սվետլանան: 

«Իմ ծանոթությունը ՄԻԳ-երի հետ տեղի ունեցավ պատերազմի հենց սկզբին և հետք թողեց իմ օդաչուական պրակտիկայում: ՄԻԳ-1-ը և ՄԻԳ-3-ն ինձ անմիջապես գրավեցին իրենց աերոդինամիկական ձևերի սրընթացությամբ: Մեծ արագությամբ եռանդուն խոյընթացություն կատարելու և այնուհետև վեր սլանալու հնարավորությունը համապատասխանում էր տակտիկական կարևոր գործոնին` գրոհի հանկարծակիությանը: Ռեակտիվ ՄԻԳ-երն առավել արագընթաց էին, լավ սպառազինված և հարմար շահագործման տեսակետից: Մի խոսքով` առաջնակարգ մարտական մեքենաներ էին»: Այսպես է գրել Խորհրդային Միության եռակի հերոս, ավիացիայի մարշալ Ալեքսանդր Պոկրիշկինը իր “Небо войны” գրքում: Ով ով, բայց խորհրդային ամենահռչակավոր այս օդաչուն լավ գիտեր, թե պատերազմի տարիներին ինչ դերակատարում են ունեցել Արտեմ Միկոյանի ստեղծած ինքնաթիռները:

… 1905 թվականի օգոստոսի 5-ին Լոռվա Սանահին գյուղում հյուսն Հովհաննեսի և նրա գորգագործ կնոջ` Թալիդայի ընտանիքում ծնվում է հինգերորդ երեխան` Անուշավանը: Այդ հետագայում է նրա անունը փոխվում ռուսերեն Արտեմի կամ Արտյոմի: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ այդ երեխան դառնալու էր աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, համաշխարհային ինքնաթիռաշինության լեգենդարներից մեկը: Դա հետո էր լինելու: Մինչ այդ տղան պետք է ավարտեր գյուղի, ապա Թիֆլիսի հայկական դպրոցները, Դոնի Ռոստովի տեխնիկական ուսումնարանը, աշխատեր այդ քաղաքի հաստոցաշինական գործարանում, ապա Մոսկվայի «Դինամո» գործարանում: Հետո ծառայում է բանակում ու… վերադառնում Մոսկվա: Շատերին թվում է, թե նա, ունենալով կուսակցական ականավոր գործիչ եղբայր, պիտի որ, ինչպես ռուսը կասեր` «ապրեր շոկոլադի մեջ»: Բայց դա այդպես չէր:

1931 թվականը շրջադարձային էր Արտեմ Միկոյանի համար: Նա դառնում է Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայի ունկնդիր, որն հաջողությամբ ավարտում է 1936 թվականին: Իր նախադիպլոմային պրակտիկան Արտեմ Միկոյանն անցկացնում է  Խարկովի ավիացիոն գործարանում: Հենց այդ ընթացքում էլ նրա մոտ ծնվում է սեփական նախագծով ինքնաթիռ ստեղծելու գաղափարը: Փայլուն կերպով պաշտպանելով դիպլոմը` երիտասարդ ավիակոնստրուկտորը սկսում է աշխատել ինքնաթիռաշինության թիվ 1 գործարանում: Հենց այստեղ էլ փորձարկվում է Միկոյանի ստեղծած առաջին փոքրիկ ինքնաթիռը` «Օկտյաբրյոնոկը»: Դա 1937 թվականին էր: Շուտով Արտեմ Միկոյանը նշանակվում է այդ գործարանում ստեղծված կոնստրուկտորական բյուրոյի պետ: Նրան տեղակալ է նշանակվում Միխայիլ Գուրևիչը: Այս երկյակը անմիջապես մտերմանում է և … հրաշքներ գործում: Այո՛, Միկոյան-Գուրևիչ` այդ հանճարեղ մարդկանց մտքի արգասիքը և համատեղ գործունեության արդյունքները շուտով պիտի դառնային համընդհանուր հիացմունքի առարկա: Այդ կոնստրուկտորական բյուրոյում են ստեղծվել ՄԻԳ-1, ՄԻԳ-3 կործանիչները, Խորհրդային Միությունում առաջին հրթիռակիր ՄԻԳ-19, եռանկյուն թևով ՄԻԳ-21, փոխարկելի սլաքաձև թևով ՄԻԳ-23 գերձայնային ինքնաթիռները:

Այսօր բազմաթիվ փոփոխություններով ՄԻԳ մակնիշի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառությունն ունեն աշխարհի շուրջ 40 երկրներում: Միկոյանի ստեղծած ինքնաթիռները արագության, բարձրության, բեռնատարողության 55 համաշխարհային ռեկորդներ են սահմանել, որոնցից շատերը դեռևս չեն գերազանցվել:

Միկոյանի ստեղծած ՄԻԳ-15 ռեակտիվ կործանիչը, որի համար նա արժանացավ Ստալինյան մրցանակի, բավականին մեծ գլխացավանք է պատճառել թշնամիների ճամբարում: Երբ ամերիկա-կորեական պատերազմի ժամանակ մեր ՄԻԳ-15 ինքնաթիռները իրենց գերազանց դրսևորեցին և քանիցս հաղթեցին ամերիկյան հռչակավոր F-86 թրատիպ ռմբակոծիչներին, ԱՄՆ-ի համապատասխան մարմինները 100 հազար դոլար խոստացան այն օդաչուին, ով կփոխանցի ՄԻԳ-15-ի գոնե մեկ նմուշ: Այդպիսիք չգտնվեցին…

Այսօր էլ Արտեմ Միկոյանի հիմնադրած կոնստրուկտորական բյուրոն աշխարհում ամենաառաջատարներից է: Չնայած մեր հայրենակիցն իր մահկանացուն կնքեց 1970 թվականի դեկտեմբերի 9-ին, նրա գործը շարունակում են նրա աշակերտները: Ի դեպ, այդ կոնստրուկտորական բյուրոն այսօր կրում է Արտեմ Միկոյանի անունը:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է գնահատվել աշխարհահռչակ ավիակոնստրուկտորի աշխատանքը: Բարեբախտաբար` ըստ արժանվույն: Արտեմ Միկոյանը սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր, 6 անգամ արժանացել էր Լենինի շքանշանի, 6 անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, 1 անգամ Լենինյան մրցանակի: Արտեմ Միկոյանը ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ էր, Խորհրդային Միության ակադեմիայի ակադեմիկոս: Նա նաև ԽՍՀՄ Գերագույն սովետի վեց գումարման պատգամավոր էր: Ինչպես տեսնում ենք, վեց թիվը մեր հայրենակցի համար խորհրդանշական թիվ էր: Անգամ նրա ապրած տարիներում առկա են երկու վեց թվերը: Այո՛, նա մահացավ իր կյանքի 66-րդ տարում, մի քանի ամիս պակասեց:

Արտեմ Միկոյանի անունով Մոսկվայում կա ավիացիոն գործարան: Նրա անունով կոչվել է նաև Երևանի փողոցներից մեկը: Իսկ նրա ծննդավայր Սանահինում 1971 թվականին հիմնադրվել է Միկոյան եղբայրների տուն-թանգարանը, որտեղ նրա հիմնադրի` Միկոյանների հորեղբոր աղջկա` Նուշիկ Միկոյանի ջանքերով հավաքվել են այդ նշանավոր եղբայրների ընտանիքների անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութեր: Թանգարանի բակում տեղադրված են Միկոյան եղբայրների հուշարձանները: Այստեղ է… չեք հավատա` ՄԻԳ-21 ինքնաթիռ և Արտեմ Միկոյանի աշխատանքային մեքենան, որը քառասուն տարուց ավելի ծառայել է ավիակոնստրուկտորին: Իսկ ՄԻԳ-21-ը վերջին ինթնաքիռն է, որ արտադրվել է Արտեմ Միկոյանի կենդանության օրոք:

ԼԵՎՈՆ ԱԶՐՈՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am