Պաշտոնական

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրները լուծվել են

2 րոպեի ընթերցում

Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրները լուծվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը:

Ամփոփելով՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը եղել և մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Օտարված բնակելի տարածքների բնակիչներն իրենց և բնակարանների վկայականներ ստացած բոլոր բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում