Իրավունք

Արդարադատության ակադեմիան կզբաղվի քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմամբ

7 րոպեի ընթերցում

Արդարադատության ակադեմիան կզբաղվի քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շատ մեծ ուշադրություն է դարձվում Արդարադատության ակադեմիային: Դրա զարգացումը մտնում է իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության ծրագրի մեջ: Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանկացած բարեփոխումների հաջողության հավանականությունը մեծանում է, եթե նրանում առկա է կրթական բաղադրիչը:

«Կրթության ոլորտում գնալով ավելի շատ երկրներում են օգտագործվում հեռաուսուցման տեխնոլոգիաները, որոնք մի քանի առավելություններ ունեն. խնայվում է ուսուցման մասնակիցների ժամանակը, տարածության հետ կապված խնդիրն է վերանում և նյութական առումով նույնպես որոշակի ռեսուրսներ են խնայվում: Մենք հեռաուսուցման ոլորտն ի սկզբանե համարել ենք մեր ակադեմիայի առաջնահերթություններից մեկը և, բարեբախտաբար, լավ մասնագետներ ունենք այդ ոլորտում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանը:

Նա նկատեց, որ եվրոպական տարածաշրջանում շուտով ավարտին է հասցվում հեռաուսուցման նոր մեթոդաբանությունը(գործող մեթոդաբանությունում առկա են որոշակի թերություններ), որը վերաբերում է Մարդու իրավունքների հեռահար կարգով ուսուցման մեթոդաբանությանը: «Մեր աշխատակիցը հրավիրվել է այդ մեթոդաբանությունը մշակող յոթ հոգանոց խմբի մեջ և, ինչպես փաստում են Եվրախորհրդի մեր գործընկերները, խմբի ամենաակտիվ անդամներից մեկն է, ինչը խոսուն փաստ է»,-շեշտեց Մելիքյանը` հավելելով, որ վերը նշված հեռաուսուցման նոր մեթոդաբանության շնորհանդեսը հավանաբար տեղի է ունենալու ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Արդարադատության ակադեմիայում հունիսի 30-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում տրվել է Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի շրջանակում հեռաուսուցման եղանակով իրականացվող առաջին փորձնական դասընթացի մեկնարկը: Առաջին խմբում ընդգրկված է 11 մասնակից՝ դատավորներ, դատախազներ, դատավորի օգնականներ, քննիչներ: Դասընթացը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցները պետք է առցանց յուրացնեն թեման և կատարեն առաջադրանքները: Ծրագրի պատասխանատուները բաց են առաջարկների համար, պատրաստ են հաշվի առնել այն բոլոր կարծիքները, որոնք կօգնեն բարելավել դասընթացը:

Անդրադառնալով ՀՀ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման համակարգին`բանախոսն ընդգծեց, որ իրենց ռազմավարության հիմքում դրված է ոչ թե գիտելիքի փոխանցման մեխանիզմի, ինչպես շատ հաճախ դիտարկվում է հեռաուսուցումը, այլ հեռաուսուցման ձևաչափին համախատասխան մշակված որակյալ նյութերի առկայությունը: «Եթե դու ունես որակյալ նյութեր, ապա դրանցից կկարողանաս ստանալ գիտելիքների փոխանցման ճիշտ որակ, ինչը թույլ կտա հետագայում լրացուցիչ ռեսուրսներ խնայել փոխանցման ծախսերի վրա»,-նշեց Ռուբեն Մելիքյանը`հավելելով, որ իրենք մաշկել են հեռաուսուցման փորձնական մեկ դասընթաց, որն արժանացել է իրենց գործընկերների հավանությանը: «Իհարկե, հեռաուսուցումը չի կարող ամբողջությամբ փոխարինել առկա ուսուցմանը, սակայն կարող է ապահովել գիտելիքների մոտ 50 տոկոսը»,-պարզաբանեց Մելիքյանը:

Մինչև Ակադեմիայի ձևավորումը դատական և դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործառույթները վերապահված էին համապատասխանաբար Դատական և Դատախազության դպրոցներին, սակայն մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին, որը իրացվում է Ֆրանսիայում, Իտալիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Լեհաստանում և այլ երկրներում:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք դատական և դատախազության դպրոցների միավորումը Ակադեմիայի գործունեության ընթացքում ինչ խնդիրների է հանգեցրել, նա պատասխանեց հետևյալը. «Արդարադատության ակադեմիան բացի դատական և դատախազական դպրոցների գործառույթների իրականացումից 2015 թվականից իր վրա է վերցրել նաև քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստման և գործող քննիչների վերապատրաստման գործառույթները: Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ապա մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնի հասցնենք առավելությունները: Մենք երբեք չենք հանդիպել մի իրավիճակի, երբ դատավորները կամ դատախազները հրապարակայնորեն դժգոհություն հայտնեին համատեղ դասընթաց իրականացնելու վերաբերյալ: Մենք չենք ընտրում առանձնահատուկ դասընթացներ, այլ ընտրում ենք այնպիսինները, որ երկու թիրախային խմբերի մասնակցությունն արդյունավետ լինի. դատավորները լսում են դատախազների դիրքորոշումները և հակառակը, ինչը շատ լավ ուսումնական մեթոդ է: Բացի այդ մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք նաև փաստաբանների դպրոցի հետ, որպեսզի որոշակի առումով ուսումնական գործընթացին ներգրավենք նաև փաստաբաններին»:

Իրավական համակարգին վերաբերող օրենսդրական փաթեթով, որն Ազգային ժողովն ընդունել էր 2013 թվակնի մայիսի 2-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Արդարադատության ակադեմիա: Կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 990-Ա որոշման համաձայն՝ Արդարադատության ակադեմիային է վերապահված դատական և դատախազական համակարգերը մասնագիտացված կադրերով ապահովելու գործառույթը:

Ակադեմիայի նպատակն է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաuտումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում