Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Ժամանակակից հայը գենետիկորեն ամենամոտն է կանգնած մ.թ.ա 4-2 հազարամյակների մարդուն


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիայի ժամանակակից տարածքի բոլոր հասարակությունների, բացառությամբ Սարդինիայի և Սիցիլիայի բնակիչների, բիոլոգիական նախնին եղել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչև 2-րդ հազարամյակի վերջը ապրած մարդը: Իսկ իր գենետիկական նկարագրովˋ Ժամանակակից հայ մարդն ամենամոտն է կանգնած մեր ընդհանուր նախնուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Պավել Ավետիսյանը և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանըˋ ներկայացնելով Կոպենհագենի համալսարանի կենտրոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտության համար լաբորատոր անալիզի է ենթարկվել 101 հնագույն ԴՆԹ-ների նմուշ՝ բերված Եվրասիայի տարբեր շրջաններիցˋ Դանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Ղազախստանից, Լիտվայից, Չեռնոգորիայից, Լեհասատանից, Ռոսաստանից և Շվեդիայից: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ տեղ են գտել Հայաստանի բրոնզ-երկաթի դարերի տարբեր հնավայրերում պեղված մարդկանց ԴՆԹ-ի 8 նմուշ:

«Կովկասում և Միջին Արևելքի տարածքներում հավաքած նյութերի ԴՆԹ-ների մեջ այսօրվա հայ մարդու և Հայաստանի տարածքից հայտնաբերված մարդաբանական մնացորդների ԴՆԹ ցուցանիշներն ամենամոտն են իրար: Սա ժառանգական շարունակականության մասին վկայող բացառիկ տվյալ է»,- պարզաբանեց Պավել Ավետիսյանը:

«Մեզ համար հուզիչ, դրական պատասխան ենք ստացել: Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքում գտնվող բրոնզե դարի նյութերն ունեն այնպիսի գենետիկական պատկեր, որն այսօրվա հայ մարդու գենետիկ պատկերից գրեթե չի տարբերվում, ինչը  վկայում է, որ այս տարածքում անընդհատ բնակվել է ժողովուրդ»,- իր հերթին ընդգծեց  պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանըˋ հավելելով, որ սա աշխատանքների սկիզբն է:

Անդրանադառնալով այն հարցին, թե արդյոք ժամանակակից Հայաստանի տարածքում ձեռք բերված նմուշների արդյունքները կարելի՞ է վերագրել նաև Արևմտյան Հայաստանին և Հայկական լեռնաշխարհին, հնագետ Պավել Ավետիսյանը բացատրեց. «Այն նյութերը, որ ձեռք են բերվել ժամանակակից Հայաստանի տարածքի հնագիտական հուշարձաններիցˋորոշակի մշակույթներ ներկայացնող հնավայրեր են, որոնք ունեն տարածման արեալ, որը տարածվել է  Հայկական լեռնաշխարհիˋժամանակակից Հայաստանից դուրս ընկած տարածքներում:

Եթե մենք որևէ բան պեղում ենք Կապանում և այդ նյութերը տրամադրում ուսումնասիրության, մենք, ըստ էության, ստանում ենք պատկեր նաև առհասարակ այդ մշակույթների տարածման արեալի մասին»:

Իսկ ժամանակակից հայ մարդու և մ.թ.ա. 4-րդ հազարամյակի մարդու ժառանգական շարունակականությունը պայմանավորված է նրանով, որ տեղի բնակչությունը իր կրոնի, ազգային հատկանիշների շնորհիվ մեկուսացված է եղել և զանգվածաբար չի ձուլվել այլ ժողովուրդների հետ, ինչը ֆենոմենալ երևույթ է: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ