Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Լիբանանյան ընկերությունը Հայաստանում կառուցում է ընկույզի հսկայածավալ այգիներ


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան ընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել է գյուղատնտեսական հսկայածավալ նախագիծ: Gardeni Lebanese Farms L.L.C. ընկերությունը Կոտայքի մարզի 100 հեկտար հողատարածության վրա կառուցում է պեկան տեսակի ընկույզի այգի, որի ողջ արտադրանքն արտահանվելու է եվրոպական և ամերիկյան շուկաներ: 22 hեկտար տարածության վրա ծառերն արդեն տնկվել են, և այդտեղ ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այգու հիմնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց կոտայքի մարզի Եղվարդ համայնք:

Լիբանանցի գործարար, Gardeni Lebanese Farms L.L.C. ընկերության հիմնադիր Նիկոլա Աբու Ֆայզալը նախարարին պատմեց, որ պեկան տեսակի ընկույզն ամենապահանջվածն է արևմտյան շուկաներում, իսկ իրենց ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության այս և այլ ոլորտներում: Նախարար Կարապետյանն էլ գործարարին հայտնեց, որ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում մեծ առաջընթաց է գրանցում, և կառավարությունը ողջունում է ներդրումներն այս ոլորտում:

«Պեկան տեսակի ընկույզ Հայաստանում առաջին անգամ է աճեցվելու, սակայն պետք է նշեմ, որ այս ընկույզը մեծ պահանջարկ է վայելում: Մի քանի տարի հետո այս այգում մոտավորապես 3000 տոննա ընկույզ կարտադրվի և կարտահանվի այլ երկրներ»,- ասաց նախարարը: Սերգո Կարապետյանն ընդգծեց նաև այն փաստը, որ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանն ազատ ելք ունի դեպի միության երկրների շուկաներ, ինչը ոգևորիչ է ներդրողների համար:

Լիբանանյան ընկերության հիմնադիր Նիկոլա Աբու Ֆայզալն էլ նշեց, որ ընկերներն են իրեն խորհուրդ տվել Հայաստանում ներդրումներ կատարել, թեև մինչ այդ նա ծրագրում էր այգին կառուցել Կանադայում: «Կանադայում նախապատրաստել էի ծրագիրը, սակայն ընկերներս քաջալերեցին, որ Հայաստանում բիզնես սկսեմ, արդյունքնում տեղափոխվեցինք այստեղ: Վստահ եմ Հայաստանի ապագան շատ լավն է, և խոստանում եմ, որ այս ներդրումային ծրագիրը լուրջ կարևորություն է ունենալու Հայաստանի համար: Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ առաջիկա 6 տարվա ընթացքում Հայաստանն իր պատվավոր տեղը կունենա աշխարհում պեկանի արտադրության քարտեզի վրա»,- ասաց գործարարը: Նա նաև վստահեցրեց, որ այս ծրագրի արդյունքում ստացված եկամուտները մնալու են Հայաստանում և ներդրվելու այլ ոլորտներում:

Լիբանանի Gardeni Lebanese Farms L.L.C. ընկերությունը գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություն է: Այն տեղակայված է Լիբանանի Բեքքա դաշտավայրում և ունի 4 գործարան: Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 50 երկրներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ