Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ամերիկացի բժիշկ ծաղրածու Ադամսն իր խմբով մեկ շաբաթ ծիծաղ կպարգևի հայ երեխաներին

Ամերիկացի բժիշկ ծաղրածու Ադամսն իր խմբով մեկ շաբաթ ծիծաղ կպարգևի հայ 
երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկ ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Հանփեր Դեհերի Ադամսն իր խմբով Հայաստանում մեկշաբաթյա այցի շրջանակներում ծիծաղ կպարգևի Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Դիլիջանի մանկատների և մանկական հիվանդանոցների երեխաներին: Նրանք Հայաստանում են IDEA հիմնադրամի հրավերով և յուրօրինակ ծրագրով կայցելեն մարզեր: Ինչպես մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հանփեր Դեհերի Ադամսը նրա խմբին հայ մանուկներին երջանկություն պարգևելու գործում կմիանան ռուսաստանյան «Дети Марии» գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները:

Աշխարհին ավելի հայտնի Պետչ Ադամս կեղծանունով բժիշկ ծաղրածուի կերպարը 1998 թ. մարմնավորել էր Ռոբին Ուիլիամսը՝ «Պետչ Ադամս» ֆիլմում: Եվ ինչպես ֆիլմի գաղափարախոսությունն էր, Ադամսի համար վիրավորական է, երբ ծիծաղն ու սերը կիրառվում է թերապիա եզրույթի ներքո: «Մարդիկ, ովքեր աշխարհի տիրակալներն են, փորձում են ինձ քննադատել և ստեղծել այնպիսի բուժման միջոցներ, որոնց հետ ես գործ չունեմ: ԱՄՆ-ում դեղամիջոցների վաճառքն ամենագռեհիկ և ամենաագահ բիզնեսն է: Ես 44 տարվա ընթացքում եղել եմ ազատ բժիշկ և միայն դեղամիջոցներ վաճառողներն են կասկածամտորեն վերաբերվում իմ աշխատանքին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պետչ Ադամսը:

Հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիրը համագործակցում է մոտ 120 երկրներում բժշկական կրթական հաստատություններ ներկայացնող երիտասարդների հետ, և նրանցից ոչ ոք գոհ չի այդ համալսարաններում մատուցվող կրթությունից, քանի որ այնտեղ չի դասավանդվում կարեկցանքը:

Մասնագիտությամբ բժիշկ Պետչ Ադամսը սոցիալական ոլորտի նորարար է, միաժամանակ ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն է աշխարհում: 1970-ականների սկզբին Ադամսն ԱՄՆ-ում հիմնել է անվճար բժշկական-էկոլոգիական օգնության «Բարի առողջության ինստիտուտը» (Gesundheit institute):

Բժիշկ ծաղրածուի խոսքերով, նրա առաջին այցելությունը հիվանդի մոտ տևում է 4 ժամ՝ հիվանդի տանը: Իսկ հիվանդանոցային կլոունադան երեխաների սոցիալ-մշակութային վերականգնմանն ուղղված գործունեություն է, որն իրականացվում է արտ թերապիայի, խաղային թերապիայի և կլոունաթերապիայի միջոցով:

Առաջին հիվանդանոցային ծաղրածուները սկսել են գործել 1986 թ., ԱՄՆ-ում: Ներկայումս այդ շարժումը համարվում է համաշխարհային՝ ներառելով հիվանդանոցային կլոունադայի շուրջ 30  կազմակերպություն:

Բժիշկ եւ ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Պետչ Ադամսի մամուլի ասուլիսը: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am