Արցախ

Ունենք մարտունակ բանակ, որն անսասան է պահում մեր հայրենիքի սահմանները. Բակո Սահակյան

2 րոպեի ընթերցում

Ունենք մարտունակ բանակ, որն անսասան է պահում մեր հայրենիքի սահմանները. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Արմենպրես»-ը Նախագահ Սերժ Սարգսյանին հղված ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:

Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում եւ այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:

Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, եւ այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք` հայոց անկախ պետականության շարունակական զորացման ու բարգավաճման ճանապարհին»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում