Պաշտոնական

Իրանի առաջնահերթություններից է ՀՀ-ի հետ հարաբերությունների առավել զարգացումը. Զարիֆ

3 րոպեի ընթերցում

Իրանի առաջնահերթություններից է ՀՀ-ի հետ հարաբերությունների առավել զարգացումը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլեւ ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին: Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա կարեւորել է փոխշահավետ համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, տնտեսական համագործակցության տեսանկյունից խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ նախագծերի, մասնավորապես Մեղրիի հէկ-ի եւ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերի իրագործմանը: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:

Խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաեւ ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Ազգային ժողովի նախագահի դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Նախարարը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը եւ խորացումը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականպատվիրակությունների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանային խնդիրների հետ կապված Իրանի դիրքորոշումը չի փոխվել. հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2015 թվականին փոխայցելությունները կշարունակվեն՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում