Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաթեթ է պատրաստում

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաթեթ է 
պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիության հետ վերսկսեց քննարկումները հետագա համագործակցության վերաբերյալ 2014 թվականի կեսից, երբ Եվրասիական տնտեսական միության հետ երկրի բանակացությունները հստակեցվեցին և պարզ դարձավ, թե ինչպիսին է ոլորտային համագորակցության ծածկույթը: ԵՄ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են, թեև արդեն որոշված են այն հիմնական ուղղությունները, որոնցով մեր պետությունը կխորացնի կապերը Եվրամիության անդամ պետությունների հետ: Այս ուղղությամբ տարվող աշխատանքերի և Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ:

Հայաստանը վերսկսում է բանակցությունները նոր համաձայնագրի ստորագրման շուրջ

Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ոլորտները պարզելուց հետո  Հայաստանի համար հնարավոր եղավ նաև Եվրամիության հետ կարգավորել կապերը, որը պետք է բերեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր իրավական ձևաչափի ստեղծմանը: Ներկայումս Եվրամիության հետ գործող հիմնական փաստաթուղթը 1996 թվականին ստորագրված և 1999 թվականին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրն է, որին պետք է փոխարիներ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խոր և համապարակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Սակայն, քանի որ դրանք չստորագրվեցին, ապա հարց էր առաջանում, թե Հայաստանը Եվրամիության հետ ինչպես է զարգացնելու հարաբերությունները:

Այս տարվա կեսերից  քննարկումներ սկսվեցին, որպեսզի նախ ձևավորվի որոշակի երկխոսության ձևաչափ, ապա հստակեցվեն ոլորտները, որոնք հնարավոր է ներառել նոր համաձայնագրի մեջ: Հունիսից սկսվեց ոլորտների համադրման աշխատանքը, որից հետո պետք է մեկնարկեն բանակցությունները: Բրյուսելում կայացած նիստից, Հայաստան-Եվրամիություն կոմիտեի և ենթակոմիտեի նիստերից հետո Հայաստանը որդեգրեց հետևյալ սկզբունքը.

«Առեւտրատնտեսական եւ ոլորտային համագործակցության հարցերում Հայաստանը  մաքսիմալ կերպով պահպանում է Ասոցացման համաձայնագրում և  Խոր և համապարակ ազատ առևտրի  համաձայնագրում բանակցված նորմերը, այն, ինչ-որ հնարավոր է և ինչը չի հակասում ԵՏՄ-ին մեր անդամակցությանը»:

Ներկայումս Հայաստան-Եվրամիություն համագործակցության ոլորտների հստակեցման համար անցկացվում են տեսակոնֆերանսներ, իսկ փետրվարին կկազմակերպվի Եվրահանձնաժողովի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան, որպեսզի ամփոփվեն այդ քննարկումները և ձևավորվի այն պատկերը, թե նոր ստորագրվելիք փաթեթում Հայաստանը ինչ ոլորտներ և պայմանավորվածություններ է ներառում:

Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական նոր ձևաչափի մասին

Եվրամիության հետ պատրաստվող նոր համաձայնագիրը փոխարինելու է 1996-ին ստորագրված Գործընկերության կամ համագործակցության մասին համաձայնագրին: Պատրաստվող համաձայնագրում ներառված ոլորտները, ըստ էության, վերցված են Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրից և ասոցացման համաձայնագրի ոլորտային համագործակցության բաժնից, որտեղ ներառված էին 28-29 ոլորտներ: Դրանք ընդգրկում են համագործակցության հնարավոր ձևեր` էներգետիկայի, հանքարդյունաբերության, մարդու իրավունքների, կրթության և մյուս ոլորտներում: Գարեգին Մելքոնյանի խոսքով` ներկայումս ուշադիր քննության են ենթարկվում բոլոր կետերը, որոնք ներառվելու են ԵՄ հետ պատրաստվող նոր փաթեթում, որպեսզի դրանք չհակասեն այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է ԵՏՄ-ին անդամակցելով: Մաքսային վարչարարության մասով կան հարցեր, որոնք չեն կարող ներառվել նոր փաթեթում, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը պատրաստվում է խորացնել համագործակցությունը և ավելի լավ հիմքեր ստեղծել Եվրամիության հետ հարաբերություններում:

ԵՏՄ պայմանագրի հետ հակասությունները կբացառվեն

Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված փաթեթն արդեն իսկ ցույց է տալիս, թե հետագա համագործակցությունն ինչ ձևաչափով է լինելու: Նույնիսկ եթե ԵՏՄ շրջանակներում հետագայում ընդունվելու են նոր որոշումներ, ներկա փաթեթում արդեն իսկ տեսանելի է, թե որ ոլորտներում դրանք կարող են լինել և ինչը կարող է փոփոխվել: Եվրամիության հետ համաձայնագիրը պատրաստվում է հենց այդ բացառությունները հաշվի առնելով: նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները տարվում են հիմնականում առևտրային հարաբերությունների, մրցակցության պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի, տեխնիկական կանոնակարգերի, սննդի անվտանգության մասով: Դրան զուգահեռ Արտաքին գործերի նախարարությունը քննարկում է նաև համաձայնագրի քաղաքական, իրավական և մի շարք ոլորտային համագործակցության բաժինները: Եթե աշխատանքներն արդյունավետ ընթանան, Հայաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր:

Հայաստանին տրամադրվող աջակցությունը չի դադարեցվի

Եվրամիության հետ քննարկվող հաջորդ բլոկը վերաբերում է աջակցության գործիքներին, որ տրամադրում է միությունը: Հայաստանն այս տարի ստորագրել է բյուջետային աջակցության երկու կարևոր համաձայնագիր: Առաջինը 25 մլն եվրո աջակցությունն է, որը վերաբերում է գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը: Դրանից 20 միլիոնը զուտ բյուջետային աջակցություն է, իսկ 5 մլն եվրոն` տեխնիկական աջակցություն: Աջակցման երկրորդ ծրագիրը արժի 21 մլն եվրո: Այն համալրում է 2011-ին ստորագրված բազմոլորտային աջակցության ծրագրին: Բացի այս երկու համաձայնագրերից, ստորագրվել են ևս 4 տեխնիկական աջակցման համաձայնագրեր, որոնք 21 մլն ընդհանուր արժեք ունեն և վերաբերում են տարածքային զարգացմանը, միջուկային ոլորտի համագործակցությանը, միգրացիայի և սահմանների կառավարման աջակցությանը և Հայաստան-ԵՄ գործիքների իրականացման աջակցությանը:

ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտի Եվրամիության հետ համագործակցությանը

Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ասոցացման համձայնագիրը Հայաստանը չստորագրեց, սակայն իշխանությունները բազմիցս հայտնել են, որ հակված ենք շարուբակելու համագործակցությունը Եվրամիության հետ: ԵՏՄ անդամակցելը էական խոչընդոտ չէ ԵՄ հետ համագործացության համար: Բազմաթիվ քննարկումների և նիստերի միջոցով տեղեկատվության փոխանակման արդյունքում հնարավոր է եղել պատրաստել նոր փաթեթը:

Չնայած ընթացող զանազան ինտեգրացիոն գործընթացներին, Հայաստանը Եվրամիության հետ այս տարի ստորագրեց 2014-2017 թթ. աջակցության ծրագիրը: Այդ ընթացքում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելու է 140-170 մլն եվրոյի աջակցություն: Դրա հիմնական մասը վերաբերում է մասնավոր հատվածի զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին և մարդու իրավունքների պաշտպանության համար նախատեսված աջակցություն:

Զրուցեց Գոհար Ավետիսյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]