Տնտեսություն

ԵԱԶԲ-ն 11 միլիոն դոլար վարկ տրամադրեց Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությանը

2 րոպեի ընթերցում

ԵԱԶԲ-ն 11 միլիոն դոլար վարկ տրամադրեց Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը 11 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող ընկերությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին ստորագրվեց վարկի պայմանագիրը` հանքը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի և ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղեկալ Գենադի Ժուժլևի միջև: Վարկը տրամադրվել է 5 տարի ժամկետով: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի խոսքով` ստացված գումարը կծառայի ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում կհամալրվեն գործարանի հիմնական տեխնիկական միջոցները, լաբորատորիայի սարքավորումները և այլն: «Ներդրումային ծրագրի արդյունքում մենք ակնակալում ենք գործարանի արտադրողականության բարձացում, տարեկան մինչ 500 հազար տոննա հանքաքարի վերամշակում, ներկայում այն կազմում է 300 հազար տոննա»,- ասաց Ուշկովը:

Ինչ վերաբերում է արտադրանքի իրացմանը, ապա այն ամբողջությամբ արտահանվում է: «Մենք աշխատում ենք միջազգային թրեյդերների հետ, ովքեր էլ ապրանքը բաշխում են աշխարհի տարբեր երկրներին»,- նշեց «Սագամար»-ի գլխավոր տնօրենը:

Հարցին ի պատասխան, թե քանի մարդ է աշխատում գործարանում ու արդոք ներդրումային ծրագրի արդյունքում նրանց քանակը կավելանա` Ուշկովը հայտնեց, որ ներկայում գործարանում աշխատում է 411 մարդ: «Աշխատակիցների համալրում չի սպասվում մինչ այն պահը, երբ անցում կկատարենք ստորգետնյա լեռնային աշխատանքների փուլին»,- նշեց տնօրենը:

Ուշկովի հավաստմամբ` իրենք առաջնային տեղ են հատկացնում բնապահպանական հարցերին և հատուկ տեխնոլոգիայով վերամշակում են արտադրական թափոններն ու բնությանը վնաս չեն հասցնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում