Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ծաղկաձորի քաղաքային իշխանությունը զարգացնում է էկոտուրիզմն ու հյուրատների բիզնեսը

Ծաղկաձորի քաղաքային իշխանությունը զարգացնում է էկոտուրիզմն ու հյուրատների 
բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային ու ձմեռային հանգիստ առաջարկող Ծաղկաձորի քաղաքային իշխանություններն աշխատանքներ են տանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, այս տարվա առաջին եռամսյակին ունեցել ենք 40 հազար հյուր, 15 հազարը` Ռուսաստանից, 5 հազարն արտասահմանյան երկրներից, մնացածն էլ մեր հայրենակիցներն են եղել:

«Այսօրվա դրությամբ, երբ ամռան սեզոնը բացվել է, հիմնականում հայ զբոսաշրջիկներ են հանգստանում: Կան հյուրեր Ռուսաստանից, այդ թվում մարզիկներ, որքեր մարզումներ են անցկացնում գլխավոր մարզահամալիրում, ինչպես նաև զբոսաշրջիկներ. նրանք էլ հանգստանում են «Արմենիա Մարիոթ», «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրներում: Այս մեծ համալիրները նշում եմ, քանի որ դրանք հանդիսացել են միջնորդ, որպեսզի զբոսաշրջիկները գան Ծաղկաձոր: Իհարկե, քաղաքն իր հերթին, ամեն ինչ անում է, որ գրավի զբոսաշրջիկներին»- ասաց քաղաքապետը: Արթուր Հարությունյանի խոսքով` հյուրանոցների կառուցման թույլտվություն տրամադրելուն զուգահեռ իրենք փորձում են հյուրատների բիզնեսը զարգացնել:

«Կառուցվում են նոր հյուրանոցներ. արդեն հինգ աստղանի նոր հյուրանոցի կառուցման թույլտվություն ենք տրամադրել, որը լինելու է ճոպանուղու հարևանությամբ: Հիմնականում, ցանկանում ենք հյուրատների բիզնեսը զարգացնել, որ անհատ քաղաքացիները ներգրավվեն ու իրենց տները դառնան հյուրատներ 10-15 այցելուի համար, որտեղ կտրվի նաև սնունդ: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, հատկապես լեռնադահուկային կենտրոններում»,- ընդգծեց Ծաղկաձորի քաղաքապետը:

Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքում կառուցվում է ինֆորմացիոն կենտրոն, որը կծառայի զբոսաշրջիկներին համապարփակ ու ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելուն: Ինչ վերաբերում է քաղաքում էկոտուրիզմի զարգացման ծրագրերին, ապա Ծաղկաձորի քաղաքապետը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: «Էկոտուրիզմը մեր սկսնակ ծրագրերից է, որ ցանկանում ենք զարգացնել: Էկոտուրիզմից, հիմնականում, օգտվում են Եվրոպայից եկած մարդիկ, ովքեր ցանկանում են քայլել, տեսնել մեր բնությունը: Քաղաքում ունենք անհատներ, ովքեր ձիեր են վարձակալությամբ տալիս, կա նաև հեծանվային հատված, որը ևս մտադիր ենք զարգացնել: Կան հյուրանոցներ, որոնք բարձրադիր հատվածներում են, որտեղից դեպի անտառ, սար ավելի մոտ է, դա ևս կարող է նպաստել էկոտուրիզմի զարգացմանը»,- նկատեց Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով` էկոտուրիզմի ուղղության մեկնարկը տրվել է անցյալ տարի, երբ քաղաքի երիտասարդները քաղաքային իշխանությունների հետ մաքրեցին սարերից մեկն ու այնտեղ արձանագրեցին «Ծաղկաձոր» անվանումը: «Ծաղկաձորում այս պահին ճեմուղի է կառուցվում, որը 1.8 կիլոմետր կլինի. ցանկություն ունենք աշխատանքներն ավարտել մինչ այս տարեվերջ: Ճեմուղին անտառածածկ տարածքում ոլորապտույտներով տանում է դեպի սարի գագաթ: Դա արվում է, որպեսզի Ծաղկաձորում ասֆալտապատ տարածքներով չքայլեն, այլ շարժվեն դեպի անտառ, ուր կարող են հանգիստ քայլել, շփվել, հեծանիվ վարել: Սարի գագաթին կա 11-րդ դարի բերդ, որի պեղումներն էլ հետագայում կիրականացնենք: Մյուս լանջի վրա էլ ցանկանում ենք երեխաների համար տեղադրել խաղահրապարակ: Սա արվում է ամառային հանգստի համար»,- տեղեկացրեց Արթուր Հարությունյանը` հավելելով, որ յուրաքանչյուր հանգստի շրջանի բացմանը ցանկանում են մի նորությամբ հանդես գալ, քանի որ զբոսաշրջային քաղաքը պետք է պարբերաբար շարժման մեջ լինի, որպեսզի ավելի գրավիչ դառնա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am