Պաշտոնական

Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

Նիստում արծարծվել են ՏՏ ոլորտում դրամաշնորհային ծրագրերի, կրթական ծրագրերում մասնավոր ներդրումների՝ ԱԱՀ-ով հարկման նպատակահարմարության, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման ինստիտուտին և հարկային վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս առնչությամբ առաջարկվել է խնդիրների լուծումը դիտարկել օրենսդրական փոփոխության ձևաչափի շրջանակում: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համակողմանիորեն քննարկել հարցերը և ներկայացնել լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

Մեկ այլ հարցով քննարկվել է ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում անվճար ու վճարովի հիմունքներով ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը: Առաջարկվել է աշխատանքային/հարկային օրենսդրությամբ հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը և համապատասխան կարգավորումներ նախատեսել նրանց պայմանագրում՝ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում