ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: