Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ Նախագահը հորդորեց ապագա մանկավարժներին արժանանալ այդ բարձր կոչմանը. շրջանավարտներն ստացան դիպլոմներ

ՀՀ Նախագահը հորդորեց ապագա մանկավարժներին արժանանալ այդ բարձր կոչմանը. 
շրջանավարտներն ստացան դիպլոմներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապագա մանկավարժներին հանձնեց ավարտական դիպլոմները: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած ուսանողներն անձամբ հանրապետության նախագահի ձեռքից ստացան իրենց ավարտական փաստաթուղթն ու ընդունեցին նրա շնորհավորանքը: «Սիրելի շրջանավարտներ, դասախոսներ, հյուրեր, սիրով շնորհավորում եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներին ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու համար: Այսօր ձեր մի մասը ստացան դիպլոմներ, մյուսները միգուցե արդեն ստացել են, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք դարձել եք մանկավարժ: Այդ բարձր կոչմանն արժանանում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործմամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` դիպլոմն ընդամենն իրավունք է տալիս դպրոց-դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին պետք է շատ ջանք ներդնել: «Ձեզ համար ավարտվել է ուսումնական այս շրջանը, որով սկսվում է ուսումնառության ամենատևական փուլը»,-շեշտեց նախագահը:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ` մեծ է մանկավարժի պատասխանատվության սահմանը, որը պետք է, ըստ արժանվույն, հաշվի առնել: «Բոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերը, սկսած Մեսրոպ Մաշտոցից և Խաչատուր Աբովյանից, եղել են կամ ուսուցիչներ, կամ ուսոցչապետեր: Այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար կոչվել են ուուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են, խնդրում եմ սա հաշվի առնեք: Վաղը, երբ մտնեք դասարան ու հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաներն իրենց ծնողների ու Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են: Հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակավ խոսեց ՀՀ կրթական ոլորտում սպասվելիք խոշոր ու ծախսատար ծրագրի մասին` սակայն լիովին չմանրամասնելով ողջ ծրագրի էությունը: «Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատարաստել են և ամռան վերջին հանդես կգան խոշոր, կարևոր և պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այդ ծրագրի մասին, ներկայում մենք վերջին պայմանավորվածությունն ենք ձեռք բերում»,-ասաց Նախագահը` հավելելով, որ այն մանկավարժների համար լավ հեռանկար կստեղծի աշխատել սիրելի մասնագիտությամբ ու կայանալ:

«Բոլորիդ ցանկանում եմ անձնական երջանակություն ու մասնագիտական հաջողություններ: Հիշեք` ձեր հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-եզրափակեց նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահի ձեռքից ավարտական դիպլոմն ստացած ուսանողներից մեկը շնորհակալություն հայտնեց նախագահին մեծ անակնկալի ու օրն անմոռանալի դարձնելու համար: «Ոչ ոքիս մտքով չէր անցնի, որ մեր ավարտական փաստաթուղթը կստանանք հանարպետության նախագահի ձեռքից»,-նշեց ապագա մանկավարժը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան գերազանցությամբ ավարտեցին 20 ուսանողներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am