ԵԱՀԿ նախագահը կոչ է անում Ուկրաինայում ընտրությունների նախօրեին վերջ տալ բռնություններին ու սադրանքներին
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերն Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ կոչ է արել վերջ տալ լարվածությանն ու պահպանել ապրիլի 17-ին Ժնեւյան համաձայնագրի դրույթներն ու ճգնաժամից դուրս գալու խաղաղ ճանապարհ ընտրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Բուրկհալտերն ընդգծել է Խաղաղության համաձայնագրի իրականացման կարեւորությունը, որը ընդունել է Ուկրիանայի Ռադան` որպես հիմնաքար երկխոսության եւ միասնական գործելու համար: Նա նաեւ ընդգծել է իրավական դրույթների հիման վրա օպերատիվ հետաքննության անցկացումը բոլոր այն գործերով, որտեղ կա բռնության հատկանիշ:
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ընտրություններին օրը պատասխանատու լինել ու զերծ մնալ բռնությունից ու սադրանքներից: Նա խնդրել է կողմերին իրենց ներդրումն ունենալ վստահության ամրապնդման գործում եւ երկխոսության ճանապարհով ձեւավորել Ուկրաինայի ապագան:
«Ուկրաինան կարող է հույս դնել ԵԱՀԿ-ի եւ նրա հատուկ առաքելության վրա, որը կաջակցի խաղաղության հաստատման եւ կայունացման հարցում, կնպաստի ժողովրդավարությանն ու հանդուրժողականությանը»,- եզրափակել է ԵԱՀԿ նախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում