Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարդան Դևրիկյանն իր հոբելյանին նվիրված ցերեկույթին ներկայացրեց «Չսկսված և չավարտված պատերազմը» գիրքը

Վարդան Դևրիկյանն իր հոբելյանին նվիրված ցերեկույթին ներկայացրեց «Չսկսված և 
չավարտված պատերազմը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, հրապարակախոս Վարդան Դևրիկյանը 50 տարեկան է: Հրապարակախոսի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի գրողների միությունում մայիսի 20-ին անցկացվեց տոնական ցերեկույթ, որի ընթացքում Դևրիկյանը մասնակիցներին ներկայացրեց իր «Չսկսված և չավարտված պատերազմը» գիրքը: «Եղբայրական սիրով գիրքը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից մերօրյա բոլոր-բոլոր գարիբալդիականներին»,- նշել է հեղինակը գրքի առաջին էջում:  «Չսկսված և չավարտված պատերազմ»-ի երկրորդ, լրացված վերահրատարակությունը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

«Մի քիչ անսովոր է, որ ինձ նվիրված միջոցառում է անցկացվում, և որպեսզի այդ անսովորությունը քիչ լինի, ես զուգահեռ կազմակերպեցի գրքիս շնորհանդեսը: Այն ներառում է պատերազմական տարիների իմ հոդվածները: Ամեն ինչ ցանկանում էի անել, որպեսի հայագիտական գիրք ստեղծեմ, սակայն այն ուշացավ: Այս գիրքը կոչվում է «Չսկսված և չավարտված պատերազմը»: Վերնագրել եմ այդպես, որովհետև  մենք չենք կարող ասել, թե պատերազմը որ օրն սկսվեց և, դժբախտաբար, դեռ չի ավարտվել: Հոդվածներս տպագրել եմ անփոփոխ: Մի քանի օր առաջ է լույս տեսել և նվիրված է զինադադարի 20-ամյակին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդան Դևրիկյանը:

ՀՀ ԳԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն ընդգծեց, որ ընկերություն է արել Դևրիկյանի հոր` Գևորգ Դևրիկյանի հետ: «Այդ լուսավոր մարդու հայրենասիրությունը, սերը դեպի գիրքն անցել է իր որդուն` Վարդանին: Նա շարունակում է իր հոր ավանդույթները: Աստված տա, որ նրա դուստր Շողակաթը ևս հայագիտության որևէ ճյուղ ուսումնասիրի: Վարդանը երկար տարիներ աշխատել է Մատենադարանում, հմուտ գիտակ է: Նա օրը 24 ժամ աշխատում է: Երբ հայրենիքը վտանգի մեջ էր, Վարդանը կամավոր մասնակցեց արցախյան պատերազմին` գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Նա նաև հրաշալի ամուսին է և հայր: Վարդանը մեծ ապագա ունի»,-հավելեց Իսահակյանը:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով  պարգևատրեց Վարդան Դևրիկյանին` հայ գրականագիտության զարգացման ասպարեզում ունեցած ներդրման և ծննդյան 50-ամյակի առթիվ:

«Աշխատանքի բերումով հաճախ եմ տարբեր բեմերից մշակույթի նախարարության գնահատանքի խոսքն ասում և պարգևներ հանձնում մշակույթի արժանի գործիչներին: Լինում են դեպքեր, երբ հատուկ սիրով եմ անում դա, և սա այդ դեպքն է»,- նշեց Սեյրանուհի Գեղամյանը:

Բացի այդ, Երկրապահ կամավորական միության վարչության կողմից Դևրիկյանը  պարգևատրվեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: 

Ելույթ ունեցողները շնորհավորեցին Դևրիկյանին հոբելյանի առթիվ, ընդգծեցին նրա գործունության կարևորությունը` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Չսկսված և չավարտված պատերազմը» գրքի լրացված վերահրատարակությունում ներկայացված են հեղինակի` Արցախյան պատերազմի տարիներին գրված հոդվածները, որոնք բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբում զետեղված են տեղի ունեցած մարտական գործողությունների և ժամանակի տարբեր իրադարձությունների նկարագրությունները` գրված ականատեսի աչքերով: Երկրորդ խումբն ընդգրկում է տեսական-վերլուծական բնույթի հոդվածներ, որոնք գրվել են` հաշվի առնելով վերաբերում են Արցախի ներքին կյանքը և ռազմաքաղաքական իրավիճակը: Գրքի խմբագիրը Վանուհի Եղիշյանն է: Այն տպագրվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:   

Հայ լրագրող, արձակագիր, հրապարակախոս Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964 թվականին, Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1989-1993 թվականներին աշխատել է որպես «Գթություն» բարեգործական կազմակերպության «Լուսավորիչ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր` 1990 թվականից: Միաժամանակ եղել է Մատենադարանի գիտաշխատող: 1993 թվականից եղել է նաև «Էջմիածին» ամսագրի խմբագրի տեղակալը, իսկ 2000 թվականից՝ գլխավոր խմբագիրը։ 1988-1994 թվականներին պարբերաբար եղել է «Հայ զինվոր» և «Երկիր» թերթերի հատուկ թղթակից Արցախում: Հրատարակել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված հարյուրավոր հոդվածներ։ Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am