Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Հայ-թուրքական արձանագրությունների տապալման պատասխանատուն Թուրքիան է, Հայաստանը չնչին մեղավորություն չունի. Բասքըն Օրան


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ գործված ոճրագործության ճանաչման և դատապարտման հարցում նշանակալի պետք է համարել ոչ միայն Հայաստանի ու հայկական սփյուռքի գործադրած ջանքերը, այլ նաև այս հարցում թուրք մտավորականների ու անհատների դիրքորոշումն ու գործողությունները: Թուրք գիտնականների արդար դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի վերաբերյալ մեծ նշանակություն ունի տարիներ ի վեր Թուրքիայում առկա ժխտողականության պատը երկրի ներսից քանդելու գործում: Նման գիտնականների թվին է պատկանում նաև հայտնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը, ով այս թեմայով բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: «Արմենպրես»-ը զրուցել է թուրք գիտնականի հետ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման հնարավոր փոփոխությունների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

-Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի, սակայն Թուրքիայում ոչ մուսուլման ժողովուրդների և հատկապես հայերի նկատմամբ թուրքական պետության վերաբերմունքը շատ փոփոխություններ չի կրել: Ու՞ր կարող է տանել Թուրքիայի նման քաղաքականությունը: Ապագայում հնարավո՞ր են փոփոխություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ: Եթե հնարավոր են, ապա դա ինչպե՞ս և ե՞րբ կփոխվի:

-Հասկանում եմ, որ դրսից և հատկապես հապճեպ նայելու ժամանակ կարող է երևալ, թե Թուրքիայի Հանրապետության ոչ մուսուլման բնակիչների վիճակը նույնն է: Սակայն իրականությունն այդքան սև-սպիտակ չէ: 2000-ական թվականներից հետո, երբ Թուրքիան կապ ստեղծեց ԵՄ հետ, անցյալում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված չարագործությունները զգալի չափով պակասեցին: Ըստ էության, Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար կիրառված այս առանձնահատկության պատճառը, կրկնում եմ, ԵՄ հետ հաստատված հարաբերություններն էին: Արտաքին դինամիկան: Ավելի ճիշտ, Թուրքիայի քաղաքացիական հասարակության` արտաքին դինամիկայի կողմից խթանված հաջողությունը: 

Անշուշտ, անմիջապես պետք է ընդունել, որ Հայկական հարցի խնդրում թուրքական պետության դիրքորոշումը հիմնականում չի փոխվել: Սկզբում ասում էին` «Հայերը մեզ սպանեցին», հետո տեսնելով, որ դա ծիծաղ է առաջացնում, այժմ էլ կառչել են «պատերազմ» թեզից: Այսինքն, փոխադարձ կոտորած է տեղի ունեցել: Իհարկե, սա էլ է ծիծաղելի, սակայն առայժմ այստեղ են կանգ առել: Սակայն Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը 2005 թ. «Օսմանյան հայերը» կոնֆերանսից և 2008 թ. «Հայերից ներողություն ենք խնդրում» նախաձեռնությունից այս կողմ մեծ ճանապարհ է անցել. կարծում եմ, կարիք չկա դրանց մասին պատմել: Այս հաջողության ձգանն էլ, անկասկած, իմ Հրանտ եղբայրն է: Եվ 1996 թ. հիմնվեց «Ակոս»-ը, որին 2000 թվականից սկսած ամեն շաբաթ հոդված էի տալիս:

Թուրքական պետությունը գիտի, որ այս քաղաքականությունը նրան լավ տեղ չի տանում: Սրա համար էր, որ 2009 թ. Հայաստանի հետ արձանագրություններ կնքեց: Սակայն չկարողացավ շարունակել: Դրա պատճառները այսպես կարող են ներկայացվել.

առաջին` Ադրբեջանի ճնշումը էներգետիկ քաղաքականության տեսանկյունից և բացի այդ գաղափարախոսական առումով: Այս ամենը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «վատ կերպով հիփոթեքի տակ է առել»: Ավելին, Թուրքիայում Ադրբեջանի` SOCAR-ի միջոցով հիմնած տնտեսական ազդեցությունն աստիճանաբար ավելանում է: Այս ամենը ես մանրամասնորեն պատմել եմ İletişim հրատարակչության 2013 թ. լույս ընծայած «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» գրքի երրորդ հատորում: Բացի այդ, Հայկական հարցի մասին կարող են տեղեկանալ իմ կայքում տեղ գտած PowerPoint երկար ներկայացման միջոցով:

 Երկրորդ` Թուրքիայում գոյություն ունեցող ազգային-ազգայնական-պահպանողական հասարակության ճնշումը: Այս ճնշումն ուժեղանում է հայերի` «ցեղասպանություն» բառից բացի այլ բառ լսել չցանկանալու հետ միասին: Քանի որ «Ցեղասպանություն» լսելով` թուրքիացի մարդը հիշում է միայն հրեաներին, և նրան թվում է, թե իր պապին էլ են ֆաշիստ անվանում: Սփյուռքն անգամ չի ուզում լսել «Մեծ եղեռն» ձևը: Քանի որ այս եզրույթը լավ չիմանալու հետ մեկտեղ հավատում է, որ թուրքական պետության ամոթալի ժխտողականությունը միայն «ցեղասպանություն» բառով կարող է պատժվել:

Թուրքական քաղաքացիական հասարակության ազդեցության և պարտադրանքի հետ ողջ աշխարհի ուշադրությունը գրավող այս քաղաքականությունը այսպես չի կարող առաջ գնալ: Դատապարտված է մեղմվելու:

Դատապարտված է ասելով նկատի ունեմ, որ թուրքական պետությունը 1915 թ. համար բացեիբաց ներողություն չի կարող խնդրել: Դրա մի պատճառն էլ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն է: Համաձայն եմ, հիմնադիրներն էլ էին իթթիհատական, սակայն Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, եռապետությունից և հատկապես դոկտոր Բեհաեդդին Շաքիրի և դոկտոր Ռեշիդի նման ֆաշիստներից տարբեր իթթիհատականների տեսակ էին: Կարծում եմ, առաջիկայում, երբ մթնոլորտն ավելի հասունանա, թուրքական պետությունը 1915 թ. համար կարող է իր «խոր վշտակցությունը» հայտնել: Սակայն, ի լրումն դրան, պետք է ներողություն խնդրի նաև իրադարձությունը սեփական ժողովրդից թաքցնելու համար:

Ես նաև կողմ եմ, որպեսզի թուրքական պետությունը փոխհատուցում վճարի: Սակայն դա մի քիչ ավելի փշոտ հարց է: Սեփականությունն արդեն հնարավոր չէ հետ վերադարձնել: Փոխհատուցումը կտրվի: Սակայն դա էլ հսկայական գումար կարող է կազմել: Որոշակի առումով կարող է անհրաժեշտ լինել սա խորհրդանշական դարձնել:

Հարյուր տարվա ժխտման շրջանից հետո այս բոլորը հեշտ բաներ չեն: Թուրքիան, այսքան տարի ուշանալով և համառելով, ինքն իրեն դժվար կացության մեջ է դրել լուծման հարցում: Եթե այս ամենն արվի, ապա այդ ժամանակ անհրաժեշտ է, որ հայերն էլ օգնեն: Օրինակ, Կալիֆորնիայում գումար աշխատելու հարմար պահի սպասող հայ փաստաբաններին կամ այս գործով «հաց ուտող» սյունակագիրներին զգուշացնելով: Ի վերջո, հայերը կարող են ստիպված լինել որոշել, թե իրենց համար ինչն է ավելի կարևոր. «Ծեծել այգեպանի՞ն, թե՞ խաղող ուտել»: Այսինքն, օտար երկրներին օգտագործելով` Թուրքիային շարունակ ճնշե՞լ, թե՞ ներողություն և փոխհատուցում ապահովելով իրենց պապերի հոգուն որոշակի հանգստություն պարգևել:

Այս վերջին խնդրում կարծում եմ, որ հայաստանցի հայերի ու սփյուռքի հայերի միջև զգալի տարբերություն կա: Երկրորդները շարժվում են այնպես, ինչպես «անհոգները»: Սակայն ճիշտ չի լինի, եթե այս թեմայով ավելի շատ բան ասեմ:

-Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բնականոն զարգացման հարցում մոտ ժամանակներս առաջընթաց տեսնո՞ւմ եք:

-Երկու երկրներն էլ լավ հարաբերություններ հիմնելու կարիք ունեն: Արձանագրությունները շատ լավ գաղափար էին: Սակայն վերոնշյալ երկու պատճառների հետևանքով կորցրին իրենց իրավական ուժը: Անմիջապես պետք է ասեմ, որ այս հարցում Հայաստանն անգամ չնչին մեղավորություն չունի: Ողջ իրադարձությունը բխեց թուրքական պետությունից: Սրա մասին էլ երկար-երկար պատմել եմ արդեն հիշատակված գրքում: Վերոնշյալ PowerPoint ներկայացման մեջ էլ կա: Սակայն եթե կա մի քիչ տրամաբանություն, թուրքական պետությունը պետք է որ դրա համար զղջացած լինի: Դժբախտաբար, մոտ ժամանակներս այս հարցում որևէ զարգացում չեմ տեսնում` հատկապես վարչապետ Էրդողանի գողությունների ու կաշառակերության հետևանքով շիկացած այս մթնոլորտում:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ