Կարծիքներ

Քեսաբի դեպքերը 1915 թվականի կրկնությունն են. թուրքագետ

4 րոպեի ընթերցում

Քեսաբի դեպքերը 1915 թվականի կրկնությունն են. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին հիշեցրել են 1915թ. հայերի տեղահանությունը: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրադարձությունները գնահատելով որպես մեկ պետության կողմից մեկ այլ պետության նկատմամբ ռազմական ագրեսիա` թուրքագետը շեշտում է, որ ոտնահարվել են տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների եւ հատկապես Քեսաբում մոնոլիտ համարվող հայերի իրավունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է քեսաբահայերին ապաստան տալ, Մելքոնյանը որակում է համաշխարհային մակարդակի ցինիզմ: «Դա ցինիզմ է նաեւ այն առումով, որ համաշխարհային հանրությունը չանդրադարձավ ո’չ Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն, ո’չ Դավութօղլուի հայտարարությունը: Մինչդեռ Քեսաբում տեղի ունեցողը ՄԱԿ-ում ամրագրված դրույթներով ցեղասպանություն է, քանի որ խաղաղ բնակիչներին ենթարկել են տեղահանության, իսկ նրանց ունեցվածքը գրոհայինները թալանում են, եւ այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության լուռ համաձայնության պայմաններում: Կրկնվում է այն, ինչ հարյուր տարի առաջ»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետի գնահատմամբ, Քեսաբում հայ համայնքի գոյությունը վտանգված է, իսկ խաղաղության հաստատումից հետո քեսաբահայերի վերադարձը թվում է խիստ կասկածելի: Նրա խոսքով, տեւական ժամանակ Քեսաբում կայունություն չի լինի, քանի որ Թուրքիան առիթը բաց չի թողնի գրոհայիններին գյուղաքաղաք ուղարկելու համար:

Թե ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ հատկապես Քեսաբը, հարցերին ի պատասխան թուրքագետը զուգահեռներ է անցկացնում Ղրիմի եւ Քեսաբի միջեւ` հավելելով, որ սիրիական գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները Արեւմուտքի պատասխանն էին Ռուսաստանին: «Արեւմուտքն իր ժանդարմի` Թուրքիայի միջոցով փորձեց հակահարված տալ Ռուսաստանի դաշնակից Սիրիային: Սակայն Ղրիմի եւ Քեսաբի միջեւ տարբերությունները շատ են: Ղրիմում իրավական գործընթաց տեղի ունեցավ, իսկ Քեսաբում ռազմական ագրեսիա եւ խաղաղ բնակչության տեղահանություն»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում տեղադրված լուսանկարներին եւ տեսանյութերին` թուրքագետը դրանք համարեց քարոզչական զենք, որով Ռուսաստանն իր շահերն է առաջ տանում: Մելքոնյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանն էլ պետք է իր շահերը պաշտպանի եւ միջազգային օրակարգում, համընդհանուր պայքարի մեջ, կարողանա հաղթանակ տանել:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում