Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների ղեկավարներին

Քաղաքական  գիտության Հայաստանի ասոցիացիան նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ 
համանախագահ պետությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական  գիտության Հայաստանի ասոցիացիան մարտի 29-ի նիստում ընդունել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին ուղղված դիմում` կապված Ադրբեջանի Հանրապետության  նախագահի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցվող ու պետության ղեկավարի կարգավիճակին անվայել զրպարտանքների և Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող անթաքույց տարածքային սպառնալիքների հետ: Դիմումի տեքստը, հաշվի առնելով հարևան պետության ղեկավարի քաղաքական վարքի՝ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը պարունակող վտանգը,  մարտի 31-ին  փոխանցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ն.Գ. Ջոն Հեֆերնին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Գ. Քեթրին Լիչին, Չինաստանի դեսպան Ն.Գ. Տյան Չան Չունին, Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյին: Դիմումի տեքստը փոխանցվել է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր միջազգային առաքելություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումի տեքստն ամբողջությամբ:

«Սույն թվականի մարտի 19-ին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի հա­մա­ժողովրդական տոնախմբություններում հանդես եկավ մի շարք անհիմն հայտա­րա­րութ­յուն­ներով, որոնց առնչությամբ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում դիմելու ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետությունների ղեկավարներին` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մեծարգո Նախագահներին:

Դատելով քաղաքական բովանդակությունից` Ադրբեջանի ժառանգական ղեկավարի ելույթի պահի ընտրությունը պայմանավորված էր երկու հանգամանքով: Արմատներով իրանական մշակույթին հարող Նովրուզի տոնի կապակցությամբ իր ժողովրդին շնորհավորելու ցանկության հետ մեկտեղ նկատվում է մտադրություն` ստեղծված միջազգային քաղաքական կոնյունկտուրան օգտագործելու ի շահ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի խաթարման քաղաքականության, որը ԱդրՀ Նախագահի համար դարձել է ավանդական:

Նշված ճառը «Հայաստանը ֆաշիստական պետություն է» տիպի հայատյաց կաղապարների, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, «պատմական արդարություն» և «պատմական հողեր» հասկացությունների կամայական մեկնաբանության, ինչպես նաև Հայաստանի Հանրա­պե­տութ­յանը ներկայացվող և գործնականում պատերազմով սպառնացող տարածքային հավակ­նութ­յունների համախմբի հետ մեկտեղ բովանդակում է մի շարք այլ, պետության ղեկավարի կարգա­վիճակին ոչ հարիր ձևակերպումներ:

Ալիևի ելույթի հիմնական կանխադրույթն այն է, որ պետության տարածքային ամբողջականությունը` կիրարկված Ադրբեջանի նկատմամբ, չի կարող փոփոխման ենթարկվել առանց նրա համաձայնության, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող կարգավորումը նպատակաուղղված է Ադրբեջանի տարածքի ամբողջականության «վերականգնմանը» և ադրբեջանցիների վերադարձին «հին ադրբե­ջա­նական տարածքներ», որոնք Ալիևի կարծիքով ներառում են Հայաստանի Հանրապետության տա­րածքի մի զգալի մասը: ԱդրՀ Նախագահի կողմից ինքնորոշման իրավունքի նման ռազմամոլական մեկնաբանությունը, հակասելով ՄԱԿ-ի Կանոնադրության առաջին գլխի առաջին հոդվածի երկրորդ կետում ձևակերպ­ված Նպատակներին և սկզբունքներին, այն է` «զարգացնել ազգերի բարեկամական հարա­բե­րություններ` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման», ըստ էության արտացոլում է նրա որդեգրած արժեհամակարգը:

Ընդսմին, հարևան պետության Նախագահը, աղավաղելով միջազգային հարաբերությունների էությունը, հայտարարում է, թե արդի միջազգային հարաբերություններում առաջին պլան են մղվում «միջազգային իրավունքը ուժային գոր­ծոնի հետ մեկտեղ»: Հարևան պետության ղեկավարի հայտարարությունը պարունակում է ՀՀ և ԼՂՀ հայության նկատմամբ նոր ցեղասպանական գործողությունների սպառնալիք, գործողություններ` նման 1988–1990 թվականներին Սումգաիթի, Կիրովաբադի (Գանձակի) և Բաքվի հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած կոտորածներին: Համակարգային բռնության տվյալ սպառնալիքը, որը հնչեցնում է ԱդրՀ Նախագահը, հատկապես չարագույժ տպավորություն է գործում Օսմանյան Թուրքիայում Եղեռնի 100-ամյակի նախաշեմին:

Իր ելույթներում հարևան պետության ղեկավարը ելնում է այն անհիմն նախավարկածից, թե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը իբր օրինական չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության ստեղծումը, որը 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ Օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արգասիք էր, չի հա­մաձայնեցվել Ադրբեջանական ԽՍՀ-ի հետ: Մինչդեռ իրականում Ադրբեջանը, խորհրդային պետաիրավական ենթակայությունից իր դուրս գալը հռչակելով նախքան Լեռնային Ղարաբաղում հան­րա­քվեի անցկացումը, օրենսդրորեն ամրագրեց հրաժարումը Լեռնային Ղարաբաղի հետագա ճակա­տա­գիրն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից: Դեռ ավելին. Ադրբեջանը, խախտելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ Օրենքի երրորդ հոդվածի պահանջները, որոնք հրամայաբար պահպանում էին «Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողո­վուրդ­ների իրավունքը ինքնուրույ­նա­բար լուծելու ԽՍՀ Միության կամ դուրս եկող միութենական հանրա­պետության կազմում լինելու հարցը, ինչպես նաև հարց դնելու իր պետական իրավական կար­գավիճակի մասին», 1991թ. նոյեմբերի 26-ին ընդունեց օրենք ԼՂԻՄ-ի լուծարման մասին: Եվ դա այն պարագայում, որ ԽՍՀՄ մայրամուտին, այն է` 1991թ. մարտի 17-ին, ԽՍՀՄ պահպանման հար­ցով հանրաքվեում դրա մասնակիցների մեծամասնությունը Ադրբեջանական ԽՍՀՄ-ում ար­տահայտ­վեց հօգուտ ԽՍՀՄ պահպանման, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը քվեարկությանը չմասնակցեց: Հարկ է նշել, որ Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդաժողովի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ուսումնասիրող առաքելությունը հակասահմանադրական է ճանաչել 1991թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ընդունած օրենքը ԼՂԻՄ-ի լուծարման մասին: Ի հավելումն, իրավահավասար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) և Ադրբեջանի Հանրապետության միջև փոխհարաբերությունների քաղաքական-պատմական և քաղաքական-իրավական հիմքերի պարզաբանման համար կարևոր է ուշադրություն դարձնել քաղաքական և իրավական անվիճելի այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Դիտարկվող բարդ պատմական շրջանում Լեռնային Ղարաբաղը, հենվելով ժողովուրդների իրավահավասարության սկզբունքի վրա, ինքնորոշման իր իրավունքը իրացրեց միջազգային դիտորդների վերահսկողությամբ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի միջոցով` միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող խորհրդային օրենսդրության պահանջներին լիարժեք համապատասխանությամբ: Ընդ որում, հանրաքվեի արդյունքների վերջնական իրավաքաղաքական ձևակերպումը, համաձայն ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Օրենքի դրույթների, բացառում էր ԱդրԽՍՀ-ի և ԽՍՀՄ-ի հետ համաձայնեցման հնարավորությունը` այդ ժամանակ արդեն դրանց պաշտոնական լուծարման պատճառով: Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ ըստ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հանձնաժողովի փաստաթղթերի` ադրբեջանական փոքրամասնությունը ՄԱԿ-ի Կանոնադրության տառին համապատասխան ստացավ հայկական մեծամասնության իրավունքներին հավասար իրավունք` ազատ արտահայտելու իր կամքը, սակայն Բաքվի իշխանությունների ցուցումով ստիպված եղավ հրաժարվելու հանրաքվեին մասնակցելու իրեն տրամադրված իրավունքից:

Այսպիսով` ԼՂՀ օրինապատճաշ ինքնորոշումը և պետական անկախության հռչակումը տեղի ունեցան միասնական միութենական պետության տրոհման և նրա փոխարեն նոր պետությունների, այդ թվում և ԱդրՀ, ստեղծման համատեքստում:

Իլհամ Ալիևի մոտեցումները չեն դիմանում որևէ քննադատության նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի տեսակետից, քանի որ նա, հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության առաջին գլխի առաջին հոդվածի երկրորդ կետի վրա, 2010 թ. հուլիսի 22-ի իր որոշման մեջ հրապարակեց հետևյալ եզրակացությունը. «Անվտանգության խորհրդի պրակտիկայից չի բխում անկախության միակողմանի հռչակման վրա որևէ ընդհանուր արգելանք… ընդհանուր միջազգային իրավունքը չի պարունակում անկախության հռչակման վրա որևէ կիրարկելի արգելանք»: Տվյալ համատեքստում միջազգային հանրության ուշադրությանն է արժանի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարությունն անընդհատ խորացվում է իշխանության ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետևողական զարգացման ճանապարհով:

Իր հերթին «Միջազգային իրավունքը ուժային գոր­ծոնի հետ մեկտեղ» սկզբունքն ակտիվացնելու վերաբերյալ Իլհամ Ալիևի ձևակերպումը հարց է հարուցում պետության ղեկավարի ̶ Ադրբեջանի Նախագահի կողմից ժամանակակից միջազգային հարաբերությունների տեսության ու պրակտիկայի ընկալման անհամապատասխանության մասին:

Ժամանակակից միջազգային հարաբերությունների տրամաբանությունը ենթադրում է ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի բացառմամբ պրոբլեմների խաղաղ քաղաքական լուծման ուղիների գերակա որոնում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հենքի վրա, այդ թվում` իր ճակատագիրը ազատ կերպով որոշելու ժողովուրդների իրավունքի վրա: Հենց այդ մոտեցմամբ են առաջնորդվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների ղեկավարներն իրենց մշտական ջանքերում` թույլ չտալու Ղարաբաղյան հակամարտության ծավալումը և գտնելու հակամարտության համընդունելի խաղաղ լուծում:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հարևան պետության ղեկավարի հայատյաց և ռազմատենչ հրապարակային հայտարարությունները դիտում է որպես խաղաղ, կառուցողական երկխոսությունից խուսափելու հերթական փորձ, միջազգային գործընկերների ջանքերի անտեսում և հրաժարում հայ ու ադրբեջանական ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատման համար քաղաքական պատասխանատվությունից: Նախագահ Ալիևը, Ադրբեջանում մարդու ժողովրդավարական ազատությունների և իրավունքների պաշտպանության գոյություն ունեցող պրոբլեմները նենգափոխելով հայ ժողովրդի` որպես թշնամու կերպարի արմատավորմամբ, իր շեշտադրումներով հաստատում է պետության ժողովրդավարացումից հրաժարվելու մտադրությունը: Այդ ամենը հիմք է տալիս Միջազգային հանրության, այդ թվում` ադրբեջանական ժողովրդի ազնիվ զավակների, ուշադրությունը հրավիրելու այն փաստի վրա, որ Ադրբեջանի Հանրապետության ժառանգական վարչակարգը շարունակում է ի չիք անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` նպատակաուղղված Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը և բացասում է ճշմարտությունն ու Լեռնային Ղարաբաղում  1991թ. անցկացված հանրաքվեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինականության ճանաչումը որպես հայ և ադրբեջանական ժողովուրդների խաղաղ գոյակցության ռեալ հիմքի:

Հայաստանի քաղաքագետների մասնագիտական ընկերակցությունն ի դեմս Քաղաքական գիտության ասոցիացիայի կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին Ադրբեջանի Հանրապետության Նախագահի ուշադրությունը հրավիրելու այն բանի վրա, որ պետության ղեկավարի կարգավիճակ ունեցող պաշտոնյայի համար անթույլատրելի են միջազգային իրավունքի նորմերի կամայական մեկնաբանությունը, պատմական ճշմարտության աղավաղման, օտարատեցության ու պատերազմի քարոզման հովանավորչությունը, ինչը հակասում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և նրա Մինսկի խմբի արժեքներին, առաքելություններին, սկզբունքներին և նպատակներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am