Ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ. ՀՀ Վարչապետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ՀՀ վարչապետը նշեց Չինաստանի ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ: «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին, որը միջազգային ասպարեզում տնտեսական և քաղաքական հիմնական դերակատարներից մեկն է: Միաժամանակ, բարձր ենք գնահատում Չինաստանի կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը և շնորհակալ ենք մեր տարածաշրջանում իրականացվող հավասարակշռված և կառուցողական քաղաքականության համար»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Վարչապետը գոհունակություն հայտնեց հայ-չինական հարաբերությունների, հատկապես, տնտեսական ոլորտում զարգացող փոխգործակցության մակարդակի կապակցությամբ: Նա հիշեցրեց, որ իր և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի միջև 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրվել է Հայաստանին լրացուցիչ 100 մլն յուանի աջակցության տրամադրման մասին համաձայնագիր:
«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի ֆինանսական աջակցությունը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մենք նաև ողջունում ենք Երևանում չինական դպրոցի կառուցման վերաբերյալ Չինաստանի կառավարության որոշումը, ինչը կդառնա երկու ժողովուրդների միջև բարեկաման հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ևս մեկ խորհրդանիշ»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ կստեղծվի հայ-չինական միջակառավական տնտեսական հանձնաժողով, ինչը ևս կնպաստի երկկողմ տնտեսական կապերի սերտացմանը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարում Չինաստանի հետ համագործակցությունը զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում:
Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չան Չունը վստահեցրեց, որ իր երկիրը պատրաստ է հետագայում ևս շարունակական աջակցություն ցուցաբերել հայ-չինական կապերի զարգացման գործում: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները դիվանագիտական կապերի հաստատումից հետո անցած 21 տարիների ընթացքում մշտապես կրել են զարգացման և բարեկամության ամրապնդման միտում: