Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Հայերին միավորում է անկախությունը. Իզաբել Բայրաքդարյանի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո, բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Մարդ, ով ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: Արվեստագետ, ում տաղանդն, իսկապես, անսպառ է և աներևակայելի: Հայաստանում Իզաբել Բայրաքդարյան երգչուհուն շատ են սիրում: Նրա ամեն մի այցը տոն է դառնում նրա արվեստը բարձր գնահատող երաժշտասերների և մասնագետների համար: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է անվանի երգչուհու հետ նրա Հայաստան այցի, Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու բացման արարողության ժամանակ կայացած համերգի, ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Իզաբել, Դուք վեց տարի Հայաստանում չեք եղել: Ի՞նչ զգացողություններ ունեք այսօր հայրենիք ոտք դնելուց հետո:

-Այո, մոտ վեց տարի Հայաստանում չեմ եղել: Շատ բան է փոխվել Երևանում, և ամեն ինչ` դեպի դրականը: Ինձ համար այստեղ գտնվելն իսկապես աննկարագրելի հաճույք է: Ինչքան շատ եմ Հայաստան գալիս, այնքան շատ եմ զգում, որ պատկանում եմ իմ երկրին: Հաճելի է տեսնել Հայաստանի առաջընթացը և գեղեցկացումը: Տեսնում եմ, որ բնակիչները սիրում են իրենց քաղաքը, և այն միայն զբոսաշրջիկների համար չէ: Շատ հաճելի է դա զգալ:

-Հնարավո՞ր է, որ Ձեր այցի շրջանակներում հանդես գաք համերգով:

-Ինչպես գիտեք, ես սեպտեմբերի 17-ին երգեցի Մոսկվայի եկեղեցու բացման արարողությանը: Իհարկե, կցանկանայի այստեղ համերգ կազմակերպել: Բայց ես Հայաստան գալու ուրիշ պատճառ ունեի: Մշտապես Հայաստան եմ այցելել տարբեր առիթներով, բայց երբեք այստեղ չեմ եղել Անկախության տոնին: Մեր պատմությունը և այս տոնն է հենց, որ միավորում են աշխարհի բոլոր հայերին: Մեզ այսօր միավորում է անկախությունը: Ես եկել եմ ուղղակի այստեղ լինելու և մասնակցելու տոնական միջոցառումներին` որպես հանդիսատես: Զբոսաշրջիկ չեմ, որովհետև ես ինձորպես զբոսաշրջիկ չեմ զգում: Ես իմ հարազատ քաղաքում եմ, որտեղ պատկանելիություն եմ զգում: Ես սիրում եմ Հայաստանում լինելու հանգամանքը՝ առանց համերգի պատրաստվելու սթրեսի: Հայաստան գալը  մեկ րոպեում, բայց ոչ պատահականորեն արված որոշում էր: Իրականում, ես պետք է գայի ավելի վաղ և ելույթ ունենայի այստեղ, սակայն հղիությանս պատճառով չկարողացա ճամփորդել... Միայն 2004-ին չէ, որ եկել եմ Հայաստան: Դրանից հետո նույնպես եկել եմ և ամուսնացել Գեղարդում: Բացի այդ, մասնակցել եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի շատ համերգների: Ավելի ուշ նվագախմբի իմ լավ ընկերների հետ  ձայնագրեցի «Կոմիտասի երգեր» ձայնասկավառակը, որը 2008-ին առաջադրվեց Գրեմմի մրցանակի:

-Սեպտեմբերի 17-ին Դուք մասնակցեցիք Հայկական եկեղեցու օծման արարողությանը: Ի՞նչ զգացողություններ ունեք այդ միջոցառումից հետո:

-Շատ հպարտ եմ: Հավատում եմ, որ մեր կյանքում ամենակարևորը ճակատագիրն ու եկեղեցին են: Եկեղեցին մշտապես մեր գոյության անբաժանելի մասն է եղել: Իսկ եթե դու ճակատագիր չունես, դու կորցնում ես հավատդ կյանքի լավ երևույթների նկատմամբ: Դու նույնիսկ ապրելու պատճառ չունես: Եկեղեցու ստեղծումը նշանակեց, որ ավելի շատ հայեր կհավաքվեն մի վայրում և իրենց հարազատ լեզվով կխոսեն օտար հողում: Համերգը շատ յուրահատուկ էր: Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել նման միջոցառմանը, շատ շնորհակալ եմ և երջանիկ, որ կարողացա մասնակցել համերգին: Հատկապես ուրախ էի, որ նվագախումբը ղեկավարում էր Էդուարդ Թոփչյանը, որովհետև նա հրաշալի դիրիժոր է:

-Գիտեմ, որ երիտասարդ տարիքում Դուք երգել եք Հայկական եկեղեցում: Այդ օրերի հետ կապված ի՞նչ հիշողություններ ունեք:

-Երբ մտածում եմ Լիբանանի Զահլե քաղաքում գտնվող իմ մանկության եկեղեցու մասին, միանգամից պատկերացնում եմ  կիսախավար եկեղեցի փոքրիկ մոմերի առկայծումով, զգում եմ խնկի և մոմակալների բույրը և վերհիշում ինձ՝ 6-7 տարեկան հասակում, կանգնած երգչախմբում՝ մայրիկիս դիմաց: Զգում եմ, որ պաշտպանված եմ նրա կողմից և շրջապատված Աստծո սիրով՝ մեր եկեղեցու անհամեմատ գեղեցիկ օրհներգերն ու միջնադարյան շարականները երգելու ընթացքում, որոնք դեպի Աստված տանող ամենաուղիղ ճանապարհն են:

-Հայ արվեստագետներից ո՞վ է Ձեզ հատկապես ոգեշնչում:

-Եթե ստիպված եմ ընտրել (որովհետև նման մարդիկ շատ են), ապա կընտրեմ Քեթի Բերբերյանին: Առաջինը և ամենագլխավորը՝  ես զմայլվում եմ նրա բազմունակությամբ և արտիստիզմով, որոնք բացարձակապես անկրկնելի են: Նա ռիսկի էր դիմում, բացահայտում էր նոր ծրագիր, երգում էր բոլոր կանանց ձայներով. 20-րդ դարի շատ հանճարեղ կոմպոզիտորներ նրա համար ստեղծագործություններ են գրել: Եվ ամենակարևորը. որպես անձնավորություն նա խիստ սրամիտ էր և զվարճասեր: Ես սիրում եմ նրա հետաքրքրասեր ուղեղը և անչափ հարգում եմ կյանքի նկատմամբ նրա սերը:

-Ձեր երեխաների մասին կպատմե՞ք: Երաժշտություն սիրու՞մ են լսել:

-Իմ որդին հանգստանում է երգերիս ներքո: Նա ինձ հետ մշտապես ճամփորդել է ավելի փոքր տարիքում, մասնակցել իմ համերգներին: Միշտ լսում է, թե ինչպես է իր մայրիկը երգում, իսկ հայրիկը նվագում: Շատ երաժշտական երեխա է, նույնիսկ երգել ավելի վաղ սկսեց, քան խոսել: Ես նրա համար Կոմիտասի և Կանաչյանի օրորոցայիններն եմ երգում, հայկական երգեր եմ կատարում, տանում եմ եկեղեցի: Մյուս փոքրիկս 9 ամսական է: Երբ բարձրաձայն եմ երգում, վախենում է: Նա նույնպես սիրում է լսել իմ ձայնը:

-Իզաբել, ինչ եք այժմ պատրաստում: Նոր սաունդթրեք ձայնագրելու եք:

-Իմ նոր ձայնասկավառակը, որը կոչվում է “Troubadour and the Nightingale”, մեկ ամսից կթողարկվի: Ուրախությամբ փաստեմ, որ Ռավելի և իմ ամունու` Սերուժ Քրաջյանի ստեղծագործություններից բացի, այն կընդգրկի նաև Սայաթ-Նովայի աշուղական երգերը, որոնք մշակել է Սերուժը կամերային նվագախմբի համար:

-Երազանքներ ունե՞ք:

-Ես այնքան բախտավոր եմ և այնքան շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ իմ կյանքում: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, և հատկապես երեխաներ ունենալուս համար. նրանք իմ կյանքի իմաստն են: Իհարկե, երազել պետք է, որովհետև առանց դրա ապրելն իմաստ չի ունենա: Այն ամենն, ինչ ձեռք եմ բերում, ինձ համար լրացուցիչ օրհնություն է: Ես մի հասարակ երազանք ունեմ՝ առողջ լինել, որպեսզի վայելեմ բոլոր օրհնությունները և կյանքի բոլոր հնարավորությունները՝  իմ երեխաների հետ: Երեխաները, կարծես, ցանկացած մոր աքիլեսյան գարշապարը լինեն: Կարծում եմ, որ եթե առողջություն չունես՝  ոչինչ չունես: Երազանքներս, ինչպես տեսնում եք, շատ հասարակ են:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանում, երգել է հայկական եկեղեցու երգչախմբում: Այնուհետև տեղափոխվել է Կանադա և զբաղվել երգով` արդեն որպես պրոֆեսիոնալ: 2000 թվականին հաղթել է Պլասիդո Դոմինգոյի կազմակերպած «Օպերալիա» մրցույթում, որը նրա առջև շատ դռներ է բացել: 2004 թվականին Բայրաքդարյանի երկրորդ` «Azulão» ձայնասկավառակը նրան բերեց «Ջունո» մրցանակ: Բացի այդ, երգչուհին առաջադրվել է նաև «Գրեմմի» մրցանակի` «Մատանիների տիրակալը» ֆիլմի երգի հիասքանչ կատարման համար: Հայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի սաունդթրեքում ևս հնչում է Բայրաքդարյանի ձայնը: 

Բացառիկ հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի  

Լուսանկարները՝ Արթուր Հարությունյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ