Պաշտոնական

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահը կարեւորել է այն աշխատանքը, որ տեւական տարիներ իրականացնում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ արդարության գաղափարների տարածմանն ու եվրոպական ինտեգրման գործընթացին։ Կողմերը քննարկել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ՝ կարեւոր է, որ չվտանգվի Եվրամիության հետ երկխոսությունը եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է հիմնադրամը օժանդակել խորհրդարանի կառույցներին եւ առաջին հերթին եվրոպական ինտեգրման հանձնաժողովին՝ եվրոպական ինտեգրման գործընթացը արդյունավետ շարունակելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում