ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքն արժեք չունի և անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ Լրագրողների հետ զրույցում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը այսպես մեկնաբանեց շենքը քանդելու իր որոշումը։ «Կառույցի հիմքերը շատ թույլ են, և ես կցանկանայի դրա փոխարեն նորը կառուցել»,- ասաց նա։ Գործարարը նաև նշեց, որ ցանկանում է ավելացնել ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չունեն։
Էդուրադո Էռնեկյանը արգենտինահայ գործարար է։ Նրա կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2հողամաս։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ Aeropuertos Argentina 2000 և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում America TV հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։
2001 թվականից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. գործարարը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%-ը։ 2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։Էդուարդո Էռնեկյանը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։