Քաղաքականություն

Վահան Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ

8 րոպեի ընթերցում

Վահան Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում հաստատել է մամուլում տարածված այն խոսակցությունները, որ ստացել է Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ: «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ:

- Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված է Ձեր դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան:

- Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի` հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին, որոնց մեջ սակավաթիվ լուրջ արձագանքների կողքին հաճախ հայտնվում էին մաղձոտ կամ պարզապես անտրամաբանական մեկնաբանություններ: Կարծում եմ հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կանեմ կետ առ կետ, եւ եթե հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նույնպես պատասխանել:

1. Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:

2. Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:

3. Ինձ համար այս առաջարկության մեջ արտառոց որեւէ բան չկա: Ես արդեն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին հարաբերությունների ասպարեզում` մինչեւ վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը «Եվրանեսթ» Պառլամենտական Վեհաժողովում, իսկ ներկայումս, հանդիսանալով այդ միջազգային կառույցի փոխնախագահ: Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության պայմաններում «Եվրանեսթ»-ի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Եվ չնայած բավականին ոչ նպաստավոր պայմաններին, որ ստեղծվել են մեզ համար ՎՈՒՈՒԱՄ երկրների պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունը, մինչեւ այժմ արձանագրել է լուրջ հաջողություններ: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից: Ըստ էության, այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ չնայած մասնավոր առանձնահատկություններին նույն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմյանց հակասել: Այլ կերպ կարող են կարծել մասնավորապես նրանք, ում համար միջազգային բեմերը Հայաստանում սեփական անկարողությունը քողարկող եւ երկրի վրա ցեխ լցնող ելույթների ասպարեզ են միայն: Ես դրանց թվին չեմ պատկանում:

4. Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից, այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս` դիրքորոշումները վերանայելու խնդիր:

- Սակայն որոշ լրատվամիջոցներ այն կարծիքն են հայտնում, որ ձեր նշանակումը կարող է Դաշնակցության քաղաքական ուղեգծի փոփոխության մասին վկայել

- Որոշ լրատվամիջոցներ սխալվում են , ինչպես դա շատ հաճախ է պատահում: Դա արվում է միտումնավոր՝ հանրությանը ապակողմնորոշելու համար, իբրեւ թե հարցը թյուրըմբռնման արդյունք է՝ չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն՝ Դաշնակցության քաղաքական ուղեգիծը չի որոշվում նրա անդամների կամ նույնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտոնով եւ այլն: Ես չեմ կարծում, որ իմ կամ մեկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելույթը մեր կոալիցիայում եղած ժամանակ եւ հիմա շատ է տարբերվում իր բովանդակությամբ: Ով չի հավատում, կարող է համեմատել: Մենք նույնն ենք կոալիցիայում կամ դրանից դուրս, ընդդիմության շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխվում: Ուրեմն այս կամ այն դաշնակցականի կողմից, նույնիսկ եթե ղեկավար է, անհատապես պետական աշխատանք ստանձնելը կուսակցությանը բացարձակապես չի կաշկանդում, եթե այդ աշխատանքն իր բնույթով համընկնում է այն ասպարեզին ուր կուսակցության համագործակցությունը պետական կառույցների հետ հիմնված է կուսակցության որոշումների եւ հայեցակարգի վրա եւ ունի ավանդական բնույթ: Գաղտնիք չէ, որ արտաքին հարաբերությունների ասպարեզում մեր կուսակցությունը միշտ էլ համագործակցել է Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերում, որտեղ համատեղ աշխատանքը, հայկական շահերի ապահովման առումով, ավելի մեծ արդյունք է խոստացել: Դա ճիշտ է բոլոր ժամանակների համար: Այդպես էր նույնիսկ ԼՏՊ-ի իշխանության օրոք, երբ կուսակցությունը Հայաստանում հալածված էր, բայց իր պարտքը Հայաստանի նորանկախ պետականության առջեւ կատարում էր արտերկրում: Այսօր էլ շատ արձանագրված հաջողություններ արդյունք են ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հայ դիվանագետների համագործակցության: Հայաստանի իրական շահերի պաշտպանության հարցում որեւէ առաջարկ մենք երբեք չենք մերժել, հատկապես երբ երկիրը կանգնած է լուրջ փորձությունների առջեւ :

- Բայց չէ՞ որ կան նաեւ հակասություններ: Դաշնակցությունը միշտ անհամաձայնություն է հայտնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Պահանջել է նույնիսկ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք պատրաստվում նրա հետ աշխատել:

- Իհարկե, հակասություններ, նույնիսկ լուրջ հակադրություններ գոյություն ունեին եւ հիմա էլ ունեն: Միայն ձեր մատնանշած հարցը չէ, կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ` Արցախի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր կնքելու հարցը եւ այլն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, պետք չէ մոռանալ, որ մեր կուսակցությունը եւ մեր քաղաքական գծի կողմնակիցները, որ թե՛ Սփյուռքում թե՛ Հայաստանում, կազմում էին մեր հասարակության մեծամասնությունը՝ հիմնականում հասան իրենց նպատակին: Հիշեք Սահմանադրական Դատարանի որոշումը: Եւ կրկնում եմ, Դաշնակցության լիդերներից մեկի աշխատանքը դիվանագիտական ասպարեզում ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցությանը: Դիվանագետի աշխատանքն իհարկե ենթադրում է որոշակի էթիկայի կանոններով թելադրված սահմանափակումներ, բայց դա նորմալ երեւույթ է: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների սնանկությունը հենց Թուրքիայի եւ նրա դաշնակիցների պահվածքով բոլորին հասկանալի դարձավ:

- Եւս մեկ հարց այլ ասպարեզից՝ ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք գեղարվեստական գիրք եք գրել:

- Այո:

- Դա ինչ է, վե՞պ:

- Այո, բայց այդ մասին եկեք խոսենք մեկ ուրիշ անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում