Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին դարձել է տեղի հայերի մշակույթի հոգևոր կենտրոնը


ԵՐԵՎԱՆ, 4, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը ներկայացրել է դեռևս 19-րդ դարի կեսերին կառուցված հայկական եկեղեցու պատմությունը: Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին, Տեր Սարգիս քահանայի հավաստմամբ, այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող ավելի քան 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն:

Նա նաև հավելել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: Ի դեպ, Եկատերինա 2-րդ կայսրուհին երկու անգամ անձամբ է մասնակցել Հայ առաքելական եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգևոր հովվի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգի Լազարյանի անվան կրթադաստիարակչական կենտրոնի պայմաններին:

Ներկայացնելով կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքները՝ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նաև նշել է, որ մինչ կրթադաստիարակչական կենտրոնի կարգավիճակ ստանալը, այն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ