Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնդկական պարբերականն անդրադարձել է Աքբար թագավորից մինչև արքայազն Ուիլյամ ձգվող հայ-հնդկական ընտանեկան պատմությանը

Հնդկական պարբերականն անդրադարձել է Աքբար թագավորից մինչև  
արքայազն Ուիլյամ ձգվող հայ-հնդկական ընտանեկան պատմությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հայկական և հնդկական ծագում ունեցող նախնիների բացահայտումը վերակենդանացրել է հետաքրքրությունը հայ-հնդկական համակցված պատմության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հնդկական Dna պարբերականը, արքայադուստր Դիանայի մի քանի սերունդ առաջ նախատատի մոտ հնդկական գենի հայտնաբերումից հետո մեծ թվով մարդիկ են սկսել դիմել հետազոտող Էլիզաբեթ (Լիզ) Չեյթերին: Նա իր կյանքը նվիրել է Հնդկաստանի հայկական գերեզմանների ուսումնասիրմանը, իսկ դիմողները փորձել են պարզել, թե արդյոք հետազոտողն իր մասնագիտական գործունեության ընթացքում բախվել է հայկական ընտանեկան որևէ կապի կամ տապանաքարերի, որ կապված կլինեին նախատատ Էլիզա Գևորգի հետ:

«Մի քանի հարյուր հայկական տապանաքարեր դեռ վերծանման կարիք ունեն, ուստի դժվար է ասել, բայց դա հնարավոր է»,- նշել է ընտանեկան պատմության հետազոտողը, ով տվյալների բազա ունի ավելի քան 10 հազար առանձին հայերի և 3000 ընտանիքների մասին, որոնք որոշակի կապ են ունեցել Հնդկաստանի հետ վերջին երեք դարերի ընթացքում: 

Հայ-հնդկական փոխառնչությունների հիմքերը ձգվում են մինչև Մոնղոլական տիրապետություն: 16-17-րդ դդ. Հնդկաստան են գաղթել հայեր պատմական Հայաստանից և Մերձավոր Արեւելքից: Հնդկաստանի հայերի թողած վկայությունները հաղորդում են, որ հինդու և մուսուլման կանանցից բացի Աքբար կայսրն ունեցել է նաև հայ կին` Մարիամ Զամանի Բեգում, ինչպես նաև հայազգի բժիշկ և արդարադատության նախարար: Ոչ պաշտոնական տվյալներով` այսօր Հնդկաստանում բնակվում է 150 հայ, սակայն դա չի նշանակում, որ հայ-հնդկական կապերը թուլացել են: «Հայ-հնդկական բարեկամություն» (IAF) կազմակերպության համաձայն` դեռևս ակտուալ են հայ-հնդկական խառնամուսնությունները:

Պարբերականը նշում է, որ Դելիից գործարար Ռանանջայ Անանդն առաջին անգամ հանդիպել է աստվածաբան Ռուզաննա Աշուղյանին 2009 թվականին: Իսկ անցյալ տարի նրանք ամուսնացել են Երևանում: Հարսանիքին ներկա է եղել Հայաստանի հնդկական ամբողջ համայնքը, այդ թվում` Հայաստանում Հնդկաստանի դեսպանը և նրա կինը: Անանդը ստեղծել է ֆեյսբուքյան խումբ, որի շնորհիվ հնդկահայ համայնքի անդամները հաղորդակցվում են միմյանց հետ: «Համայնքը ցրված է, բայց մարդկային շփումն ակտիվ է: Մենք պարզել ենք, որ կան մի շարք հայ աղջիկներ Հնդկաստանում, որ ամուսնացած են հդիկի հետ», - ասել է նա: Հայ աջիկները հիմնականում ամուսնանում են Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հնդիկ ուսանողների հետ և տեղափոխվում Հնդկաստան:

«Ֆեյսբուքի, էլեկտրոնային նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով ես կապի մեջ եմ քոլեջի, քահանաների և հանձնաժողովների հետ: Բացի այդ, ես շուրջ 3,800 հայ ընկերներ ունեմ սոցիալական ցանցերում Եթովպիայից, Բուլղարիայից և Հարավային Աֆրիկայից», - ասել է հնդկահայ Մայք Ստեֆընը, ում ընտանեկան պատմությունը Հնդկաստանում ձգվում  է մինչեւ 1860 թվական:

Հայ-հնդկական դարավոր բարեկամության ապացույցն է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը (ACPA)` հիմնադրված 1821 թվականին: Քոլեջում ուսանում են հայ ուանողներ, ում կրթությունը և բնակության ծախսերը հովանավորում են եկեղեցին և համայնքը: Պարբերականը հաղորդում է, որ Ագրայի առաջին հայկական եկեղեցու օծումը կատարվել է 1562 թվականին` ամենայն հավանականությամբ, մոնղոլների հովանավորությամբ: Ներկայում հայկական չորս եկեղեցի կա Կալկաթայում, և մեկական Չեննայում ու Մումբայում: Մումբայի 215-ամյա Սուրբ Պետրոսի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու միակ հոգաբարձուն հնդկուհի դերասանուհի Թյուլիփ Ջոշիի մայրը ` Զաբել Ջոշին (Հայակյան) է` Մումբայի վերջին հայը: Եկեղեցին հիմնադրվել է 1796 թվականին և այժմ այնտեղ ծառայություններ են մատուցվում Մալաբարի ուղղափառ ասորիների համար:

Վերջերս անցկացված ԴՆԹ թեստի  արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամը հայկական և հնդկական ծագում ունի: Արքայական դինաստիայի անդամները ենթադրում էին հայ նախնուց սերելու մասին, սակայն ԴՆԹ թեստի արդյունքում բացահայտվեց, որ նրանք նաև հնդկական գեն են կրում: Հետազոտողներին հաջողվել էր բացահայտել արքայադուստր Դիանայի ընտանեկան գիծը վեց սերունդ այն կողմ`հասնելով մինչև Էլիզա Գևորգին, ում հայրը հայ վաճառական է եղել, իսկ մայրը հնդկուհի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]