Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Ականատեսը». 99-ամյա Ահարոն Մանուկյանը հավատում է, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Ականատեսը». 99-ամյա Ահարոն Մանուկյանը հավատում է, որ Թուրքիան 
մի 
օր 
կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունը` նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկն է: «Արմենպրես»-ի նոր` «Ականատեսը» շարքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ներկայացնելու է այս արհավիրքի կենդանի վկաների` վերապրածների կյանքի պատմությունները` եւս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ մեր` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը ավելի քան արդար է եւ հիմնավորված: Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը պակասում է: 2013 թվականի ապրիլի տվյալներով` Հայաստանում կենսաթոշակ է ստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 55 անձ, նրանցից 43-ը կին է, 12-ը տղամարդ:

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարի անց՝ մարտի 20-ին կլրանա Հայոց ցեղասպանությունը վերապրած Ահարոն Մանուկյանի 100-ամյակը: Բարի եւ համեստ հայացքը կարծես մատնում են նրա բնավորության դրական գծերը, իսկ ձեռքերը` դժվարություններով լեցուն կյանքի երկարամյա ուղին: Ինչպես նրան այժմ փաղաքշանքով կոչում են մտերիմները` Ահարոն պապիկը, չնայած պատկառելի տարիքին, ծերությամբ պայմանավորված, առողջական բազում խնդիրներին, իր ընտանիքի պատմությունը եւ ծննդավայր Վանը երբեք չի մոռանում: 


Լենինականի ամերիկյան որբանոցը դարձել էր նրա տունը

Ահարոն Մանուկյանը ծնվել է Վանում 1914 թվականին: Նա մեկ տարեկան էր, երբ իր ընտանիքը ստիպված է լինում լքել իրենց` եկեղեցու բակում գտնվող տունը: 1915 թվականին վանեցիները սկսել էին իրենց պայքարը թուրքական զավթիչների դեմ, սակայն Վանից ռուսական ուժերի դուրս գալուն պես, շուրջ 200 հազարի հասնող տեղի բնակչությունը ստիպված եղավ բռնել գաղթի ճամփան դեպի Արեւելյան Հայաստան: Ահարոնի հայրը զոհվում է Վանի հերոսական ինքնապաշտպանության ընթացքում: 

Պատմական տեղեկանք

Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած ցեղասպանությունը արեւմտահայերի համար անսպասելի էր, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվել և դիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ եւ հարկադրված նահանջել Վան: 1915 թ-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը Վան քաղաքի եւ նահանգի մի շարք գավառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվել է ավելի քան 180 հազար հայ:

«Տատիկս անցնում է գաղթի ճանապարհը երեք երեխաների հետ` հորս գրկում պահած»,- Ահարոնի պատումը մեզ է մեկնում դուստրը` Ռուզան Մանուկյանը

Ահարոնի մայրը` Մարիամը, երկու որդիների` Մելիքսեթի եւ Վահրամի հետ հասնում է Էջմիածին, քանի որ ամուսնու մահից հետո ընտանիքի միակ հաց վաստակողն էր, կարճ ժամանակ անց երեխաներին տանում է Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) ամերիկյան որբանոց` վերադառնալով էջմիածին` աշխատանք գտնելու նպատակով: Ռուզանը պատմում է, որ հայրը միշտ ասել է, որ Լենինականի ամերիկյան որբանոցի կառավարիչներից մեկը շատ բարի մարդ է եղել, ով կորցնելով միակ երեխային, իր ողջ սերը նվիրել է մանկատանը հայտնված հայ երեխաներին:


Պատմական տեղեկանք

Առաջին որբանոցը (Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե)  Ալեքսանդրապոլում բացվում է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից: Նորաստեղծ որբանոցը կոչվում էր «Միացյալ ընկերությունների առաջին որբանոց», որտեղ ապրում էին 5-13 տարեկան 30 երեխա: 1916 թ. ապրիլի 25-ին բացվում է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով:  Ամերկոմի ծավալած մարդասիրական օգնությանը` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիվանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, ինչի շնորհիվ իրական մահից փրկվեցին տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Ամերկոմի որբախնամ գործունեությունը կանոնակարգված բնույթ ստացավ Առաջին հանրապետության տարիներին եւ շարունակվեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո անգամ` մինչեւ 1929 թվականը:

«Ամերիկացի ամուսիններ ցանկություն են հայտնում որդեգրել Ահարոնին եւ իր եղբորը Միացյալ Նահանգներ տանելու համար, սակայն տատիկս տեղեկանում է այդ մասին` վերադառնալով Լենինական վերցնում է երեխաներին, քանի որ արդեն աշխատանք է գտած լինում Երեւանում»,- շարունակում է Ռուզանը` ավելացնելով որ իրենց ընտանիքի պատմության ողջ մանրամասները Ահարոնը հիշում է հենց մոր պատմածներից: «Նախքան այդ որբանոցի կառավարիչը Մարիամին ոսկի է առաջարկում` Ահարոնին որդեգրելու եւ Միացյալ Նահանգներ տանելու համար, նաեւ այն պատճառով, որ վերջինս իրեն հիշեցնում էր մահացած որդու մասին»,- շարունակում է Ահարոնի դուստրը:

Մինչդեր մեր պատմության հերոսի մայրը, չնայած ընտանիքի առջեւ ծառացած ֆինանսական դժվարություններին, կտրականապես հրաժարվում է այդ առաջարկից, ինչին ի պատասխան Ահարոնը տարիներ անց սիրել է կատակել, որ կարող էր այժմ բավականին հարուստ մարդ լինել: Ռուզանը նշում է, որ ամերիկյան որբանոցում ստացած դաստիարակությունը մինչ այսօր արտահայտված է հոր բնավորության մեջ: «Նա մի հետաքրքիր սովորություն է ձեռք բերել մանկատանը, որն առ այսօր չի կարողանում մոռանալ, սիրում է պահել բարձի տակ կոնֆետներ, քաղցրավենիք»,- նշում է նա:


Վանը նորից տեսնելը` չիրականացած երազանք

«Հայրս Վանի մասին խոսելու առիթը բաց չի թողնում: Երբ մենք ձուկ ենք ուտում, անպայման ասում է, որ Վանի ձուկը` տառեխը, բոլորովին ուրիշ համ ունի: Մենք գիտենք, որ նա երբեք այն չի փորձել, սակայն հասկանում ենք, որ Վանի մասին խոսելը նրա համար կարեւոր է»,- ասում է Ռուզանը:  

Վանի մասին հիշողություններն ամբողջանում են նաեւ ծննդավայրի մասին երգերով, որոնք այժմ Ահարոնը չի եգում, բայց տարիներ առաջ երգել է մեծ խանդավառությամբ: Տարիներ անց` բնակություն հաստատելով Երեւանում, Ահարոնը ստանում է երկու բարձրագույն կրթություն` ավարտլով ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, սակայն ճակատագրի բերմամբ` չի աշխատել իր մասնագիտությամբ, այլ  բուհը ավարտելուն պես աշխատանքի է անցնում Երեւանի Ֆիզիոլոգիայի ինստիտուտում: 1949 թվականին պատմության Ցեղասպանության սարսափը վերապրած Ահարոնն ամուսնանում է, ունենում չորս երեխա:

Տարիների ընթացքում` հետեւելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նա դստեր հավաստմամբ` թուրքերի մասին խոսելիս նրանց բնորոշել է մեկ` «թուրքերը մարդ չեն» արտահայտությամբ: «Դրանով նա կարծես ցանկանում է ասել, որ թուրքերի հետ պետք չէ գործ բռնել»,- պարզաբանում է դուստրը:

Այժմ, չնայած, դժվարանալով վարժ խոսել եւ ունենալով թույլ լսողություն` իմ այն հարցին, թե հավատում է արդյո՞ք ինքը, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, Ահարոնը կարճ ու վստահ պատասխանեց. «Այո»: Դուստրը հիշում է, որ հայրը միշտ թաքուն ցանկություն է ունեցել Վան գնալու եւ ծննդավայրը տեսնելու, որը սակայն այդպես էլ չի իրականացել:

Այժմ խնամելով 99-ամյա հորը եւ 88-ամյա մորը` Ռուզանը շատ է ցանկանում, որ պատմական արդարությունը վերջնականապես հաղթանակի ու 20-րդ դարի մեծ ոճիրն արդար հատուցում ստանա:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am