Սպորտ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ուշուի միջազգային մրցաշար կանցկացվի

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ուշուի միջազգային մրցաշար կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվություն են հանձնել Հայաստանի ավանդական ուշուի, սինխրոն լողի և խոտի հոկեյի ֆեդերացիաները:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, առաջինը կատարված աշխատանքների հաշվետվությամբ ներկայացել է ավանդական ուշուի ֆեդերացիան, որի նախագահ Տիգրան Չոբանյանի խոսքով` 2012 թվականին, ըստ նախօրոք հաստատված օրացույցային պլանի, կազմակերպվել և անցկացվել են հանրապետական մրցաշարեր, մասնավորապես,Հայաստանի առաջնությունը, տարբեր համայնքների համայնքային առաջնություններ, Վարդան Մամիկոնյանի և ՄոնթեՄելքոնյանի հիշատակներին նվիրված մրցաշարերը:

Հայաստանի ուշուի հավաքականը մասնակցել է նաև Էստոնիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և իրականացվել է մարզչական և մրցավարական սեմինարներ: 2012թ. նոյեմբերին Եվրոպայի առաջնությունից առաջ մեր մարզիկների համար կազմակերպվել է ուսումնամարզական հավաք:

Համաձայն ներկայացված տեղեկատվության, 2013թ. կշարունակվեն երկրում անցկացվող համայնքային առաջնությունները, և իհարկե, հանրապետական առաջնությունը: Նախատեսվում է հաջորդ տարվա մայիսին կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար, իսկ տարեվերջին հայ մարզիկները կմասնակցեն ուշուի աշխարհի 12-րդ առաջնությանը:

Հաջորդն իր հաշվետվությունն է ներկայացրել Հայաստանի սինխրոն լողի ֆեդերացիան: Ըստ ֆեդերացիայի նախագահ Մանուկյանի ներկայացրած տվյալների, Հայաստանի սինխրոն լողի պատանեկան հավաքականը Խորվաթիայում մասնակցել է մենալող ծրագրում:

Ընթացիկ տարվա նոյեմբերին կազմակերպվել է հանրապետական առաջնություն, որի ավարտից հետո հանրապետության պատանեկան հավաքականը Ծաղկաձորում անց է կացրել ուսումնամարզական հավաք:Հաջորդ՝ 2013թ. նույնպես կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, որոնց նպատակը կլինի պատրաստել պատանի մարզուհիների մասնակցությունը միջազգային մրցաշարերին և մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել է ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Գիլոյանը: Նրա խոսքով` ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվել է խոտի հոկեյի հանրապետական առաջնություն, որն իրականացվել է փուլային մրցաշարերով: «Ութ ամիս շարունակ մեր մարզիկները մասնակցել են այդ մրցաշարերին: Մասնակիցները հիմնականում ներկայացնում են Երևան, Արտաշատ և Հրազդան քաղաքները: Նախատեսվում է, որ հաջորդ տարի այդ թիմերին կմիանան նաև խմբեր Չարենցավանից և Գյումրիից»,- ասել է Գիլոյանը:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է նաև հաջորդ տարվա ծրագրերի մասին, մասնավորապես, 2013թ. փետրվարին Հունաստանում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի խաղերին մասնակցելուց առաջ, Հայաստանի խոտի հոկեյի հավաքականի մարզիկների համար կազմակերպվելու է ուսումնամարզական հավաք: Պլանավորվում է նաև հավաքականի մասնակցությունը Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում