Սփյուռք

Մարաղայում վերանորոգվում է հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցին

3 րոպեի ընթերցում

Մարաղայում վերանորոգվում է հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախկին հայաշատ Մարաղա քաղաքի կենտ­րո­նական թաղամասում գտ­նվող Հայոց Սուրբ Հովհաննես եկեղեցին ամբողջական վերանո­րոգվում է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հու­շար­ձանների պահպանման հիմնարկության կողմից` Ազգային առաջնորդարանի հետ համատեղ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Թավրիզի ազգային առաջնորդարանից, Ատրպատականի Հայոց թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանը նոյեմբերի 16-ին այցելել է Մարաղա: Հայր Սուրբը պաշտօնական հանդիպում է ունեցել պատմական հու­շար­ձանների պահպանման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եկեղեցուն կից ամբող­ջովին վերանորոգվել է նախկին Հայոց դպրոցի շենքը, որը ներկայում ծառայում է շրջանի պատմական հու­շար­ձանների պահպանմանհիմնարկության կենտրոնատեղի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցման ավարտին, ցեխա­կերտ հին պատերի ամրացման մեթոդները, երեք խորանների ու դրանցից յուրաքանչյուրի կողքին գտնվող խորհրդանոցների նախկին ձեւի պահպանման կարեւորությունը, ինչպես նաեւ Մարաղայում ծառայած բազմավաստակ հոգեւորականների «հանգստարանների» վե­րա­դա­սա­վոր­ման հնարավորությունը:

Սուրբ Հովհաննես եկեղեցին 17-րդ դարի կառույց է, բարձր գերանածածկ ձեղունով: Այն աղյուսախառն ցեխածեփ պատերով, ներքնամասը սպիտակ ծեփված, բարձրադիր խորանաձեւ փորվածքներով է:Թավրիզից140 կմ հարավ գտնվող Մարաղա քաղաքը շատ ավելի հին է, քան Թավրիզը, եւ Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում հռչակվել է Պարս­կաստանի մայրաքաղաք: Մարաղայում նաեւ բնակութիւն են հաստատել ասորիներ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում ձուլվել է հայեի հետ:

1960-ականներին Մարաղայում ապրում էին շուրջ 60 հայ ընտանիքներ, երբ գործում էր ազգա­յին դպրոցը: Հայոց Եկեղեցու եւ նախկին հայա­բնակ փողոցները մինչեւ այսօր կոչ­վում են «Արմանիստան»:

Թեմակալ Առաջնորդը Մարաղայում այցե­լել է նաեւ Հայոց գերեզմանատուն: Նա պատմական հու­շարձան­ների պահպանության հիմնարկի պատասխանատուներից նաեւ տեղեկու­թյուն­ներ է ստացել շրջակայ գյուղերում եւ Մարաղայում հայկական նախկին կալվածների մասին, որոնցից ոմանք փոխանցվել են Ազգային առաջնորդարանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում