Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ես սպասումների տարիքն արդեն անցել եմ. Արտավազդ Փելեշյան

Ես սպասումների տարիքն արդեն անցել եմ. Արտավազդ Փելեշյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն վավերագրող-ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» կինոնկարն ընդգրկվել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի` «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանակարգում: Փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-25-ը:  Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտավազդ Փելեշյանը, ինքը չի մեկնի Ամստերդամ եւ ներկա չի լինի ֆիլմի ներկայացմանն ու ցուցադրմանը:

Այն, որ միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են այդ հանգամանքին, ռեժիսորը համեստորեն է պատասխանում. «Երեւի այդ ուշադրությունը մի քիչ ավելորդություն է: Ես սպասումների տարիքն արդեն անցել եմ»,- ասաց ռեժիսորը: Փառատոններին, մրցույթներին կամ նմանատիպ միջոցառումներին մասնակցելը, ներկայացվելը հռչակավոր ռեժիսորին արդեն քիչ է հետաքրքրում. «Ինձ համար մի հետաքրքրություն կար, երբ նկարահանում էի այդ ֆիլմերը: Բայց արդեն 40 տարի է անցել»,- ասաց Փելեշյանը: Այն, որ անգամ 40 տարի անց դեռ շարունակում են ցուցադրվել ֆիլմերը, մտածելու տեղիք է տալիս: Ռեժիսորի տեսակետը հետակ է. «Ուրեմն ճիշտ եմ նկարել»:

Փառատոնի տնօրեն Ալլի Բերգսը հեղինակին ուղղված նամակում նշել է` «Մեզ համար մեծագույն պատիվ է այստեղ` Ամստերդամի հոբելյանական փառատոնում, ցուցադրելու Ձեր ցնցող, անմահ ֆիլմը...»: Երբ նրան հարցրել են, թե ինչի մասին է «Տարվա եղանակներ» ֆիլմը, Փելեշյանը պատասխանել է` ամեն ինչի մասին, ոչ միայն տարվա եղանակների կամ մարդկանց մասին, այլ ամեն ինչի մասին է այդ ֆիլմը:

Համացանցում տարածված այն տեղեկությունները, որ ռուսաստանաբնակ հայ ռեժիսորը ցանկանում է Հայաստանում ֆիլմ նկարահանել, Փելեշյանը հերքում է` նշելով, որ համապատասխան առաջարկություն չի եղել: Իսկ այն հարցին, թե սպասո՞ւմ է առաջարկության, ռեժիսորը կտրուկ է պատասխանում. «Ես ոչ մի բանի չեմ սպասում»: Իսկ եթե լինի՞ համապատասխան առաջարկություն հարցին, ռեժիսորը պատասխանեց` «եթե»: Այն դիտարկմանը, թե  նման պատասխանը բոլորին մտածելու տեղիք կտա, նշեց, որ այդպիսի նպատակներ չի ունեցել:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` Ամստերդամի միջազգային փառատոնին Փելեշյանի ֆիլմի ներկայացվելը պատահական չի համարում: «Նրա ֆիլմերը շարունակում են արդիական եւ պահանջված մնալ»,- ասաց  Գեւորգյանը` հավելելով, որ փելեշյանական ֆիլմերը ցուցադրվում են նաեւ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում: Նա նաեւ հավելեց, որ ռեժիսորն արդեն իր համաձայնությունը տվել է Հայաստան գալու եւ մասնակցելու գարնանը սպասվելիք «Հայակ» մրցանակաբաշխությանը:

Հաջորդ տարի լրանում է հանճարեղ կինոգործչի 75-ամյակը: Արտավազդ Փելեշյանի առաջին իսկ ֆիլմերը` «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», նրան ոչ թե ուղղակի անուն բերեցին, այլ նաեւ համբավ: 1969 թ-ին նա նկարեց «Մենք» ֆիլմը, որը կառուցված էր Արամ Խաչատրյանի գունեղ երաժշտության հիման վրա, որը շատ արագ հանրահայտ դարձավ: Ինչպես բնութագել է արվեստաբան Լեւոն Մութաֆյանը` նրա ստեղծագործությունները հավերժականի մասին են, ամեն ինչ մարդու միջոցով, մարդու մասին: Եվ այդպես շարունակվում էր յուրաքանչյուր աշխատանքում` լինի դա «Տարվա եղանակները», «Մեր դարը» թե «Կյանք» ֆիլմերը: Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անանել է «սակավաթիվ կինոհանճարներից մեկ», իսկ կինոյի տեսաբանները նրա դիստանցիոն մոնտաժը նաեւ անվանում են «հոգեւոր-ինտուիտիվ» մոնտաժ՝ առաջնորդվելով նրանով, որ հանդիսատեսից պահանջվում է նույնպիսի ջանքեր այն ընկալելու, ինչպիսին եւ հեղինակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am