1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂՀ ԱԺ 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին ներկա էր նոր կառավարությունը

ԼՂՀ ԱԺ 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին ներկա էր նոր 
կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարրաբաղի Հանրապետության  5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, որը վարոել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ մամոլի ծառայությունից, նախատեսված օրակարգի կապակցությամբ նիստին, առաջին անգամը լինելով, ներկա էր ԼՂՀ նախագահի 2012թ. հուլիսի 19-ի ընտրություններից հետո կազմավորված նոր կառավարությունը՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։

Խորհրդարանի անունից ոջունելով կառավարության անդամներին, ԱԺ նախագահը պատգամավորական կազմի անունից նրանց շնորհավորեց  պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթեց արդյունավետ աշխատանք ու հաջողություններ իրենց գործունեության մեջ՝ ժողովրդի սպասումներն արդարացնելու ակնկալիքով։ 

Խորհրդարանի նախագահի հաղորդմամբ՝ նիստի օրակարգի առանցքում ԼՂՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրն է, որն ԱԺ է ներկայացվել ԼՂՀ Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում։ Իրականում, հայտնեց նա, ծրագիրը խորհրդարան է ներկայացվել ավելի շուտ՝ նշված ժամկետից երեք օր առաջ։ ԱԺ նախագահը պարզաբանման կարգով հիշեցրեց, որ կառավարությունն իր գործունեության ծրագիրն ԱԺ հավանությանն է ներկայացրել կազմավորվելուց հետո 20-օրյա ժամկետում՝ խորհրդարանի նիստում դնելով իր վստահության հարցը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը, ասաց նա, կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քննարկման է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ որոշում չընդունվելու դեպքում կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած։

Այնուհետև, հաստատելով օրակարգը, խորհրդարանն անցավ հարցերի քննարկմանը։

Առաջինը, ինչպես նախատեսված էր, քննության առնվեց ԼՂՀ կառավարության գործունեության ծրագիրը, որի վերաբերյալ նիստում հաղորդմամբ հանդես եկավ  վարչապետ Արա Հարությունյանը։

Նախապես նշելով ծրագրի մշակմանն առնչվող առանցքային թեզերը, նա հայտնեց, որ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով ԼՂՀ Սահմանադրության և երկրի նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերի առանձին դրույթները։ Կառավարության գործունեությունը, հավաստիացրեց վարչապետը, նպատակաուղղված է լինելու երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովմանը, Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրների իրագործմանը։ Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ծրագրերի շարունակական զարգացումը և քաղաքական, տնտեսական, սոցիալական բնագավառների ու ոլորտների, կառավարման համակարգերի համարձակ ու իրատեսական բարեփոխումների իրականացումը՝ երաշխավորելով քաղաքացիների կյանքի որակի էական բարելավում։ Կառավարության ջանքերն ուղղված կլինեն, մի կողմից, կայուն տնտեսական աճի ապահովմանը, մյուս կողմից, սոցիալական արդարության հաստատման լայնածավալ ծրագրերի հաստատմանը։ Ուշադրության կիզակետում կլինեն պարենային և էներգետիկ անկախությանն ուղղված ծրագրերը։

Այնուհետեւ վարչապետը հակիրճ ներկայացրեց կառավարության դիրքորոշումները երկրի կենսագործունեության տարբեր բնագավառների ու ոլորտների առաջընթացի ապահովման հարցերում։

Հիմնական զեկուցումից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան պատգամավորներ Գարիկ Գրիգորյանը («Արցախատուն» պատգամավորական խմբի ղեկավար), Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն» խմբակցության ղեկավար), Ժաննա Գալստյանը («Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար) և Ռոմելա Դադայանը («Հայրենիք» խմբակցության քարտուղար), նշելով, որ կառավարության գործունեության ներկայացված ծրագիրը նախորդներից շահեկանորեն տարբերվում է, միանգամայն իրատեսական է և իրագործելի։

Այնուհետեւ, համաձայն քննարկման ընթացակարգի, կառավարության ղեկավարը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Շնորհակալություն հայտնելով պատգամավորական կազմին՝ համատեղ քննարկումների կապակցությամբ, նա հաղորդեց, որ վերջնական փուլում քննարկումներ են կայացել խումբ-խմբակցությունների, առանձին պատգամավորների, ԱԺ-ում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ միասին՝ փորձելով ծրագրի մեջ ներառել բոլոր այն գաղափարները, որոնք կարող են նպաստել երկրի առաջընթացին։ Ծրագրում ներկայացված ցուցանիշները, ասաց նա, իրականում հավակնոտ են, բայց նաև իրատեսական, և որպես այդպիսիք՝ մեծ ջանքեր են պահանջելու իրագործման համար։ Միևնույն ժամանակ, վարչապետի հաղորդմամբ, կառավարությունը մտադիր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, երկրի հանրությանը՝ ծրագրի փուլային իրականացման ընթացքի վերաբերյալ։  

Ամփոփելով քննարկումները, ԱԺ նախագահը, մասնավորապես, հիմք ընդունելով կառավարության գործունեության ծրագրի՝ ըստ կենսագործունեության բնագավառների և ոլորտների ներկայացված դրույթների իրականացման օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, նպատակահարմար համարեց հաջորդ տարվա սկզբներին ստեղծել կառավարության և Ազգային ժողովի համատեղ, խառն աշխատանքային խումբ, որը խնդիր կունենա կոնկրետացնել, թե ինչ օրենսդրական քայլեր պետք է կատարվեն  այդ ուղղությամբ և այդ առումով որոնք պետք է լինեն օրենսդիր և գործադիր իշխանությունների  անելիքները։

Խորհրդարանի անունից կառավարությանը հաջողություն մաղթելով գործունեության ծրագրի իրականացման գործում՝ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ եթե 24 ժամ անց՝ մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 12.00-ն ԱԺ-ում չնախաձեռնվեց կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ, հետևապես կառավարության գործունեության ծրագիրը կհամարվի ընդունված։             

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը համապատասխան հիմնավորումներով ներկայացրեց ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել  Վիրաբյանը։ 

Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝  օրենքի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու, նրանց փաստացի գործունեությունը բացահայտելու կամ հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով հսկիչ գնում կատարելու անհրաժեշտությամբ։  

Օրինագծի առնչությամբ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) եզրակացությունը դրական էր։ Օրենքն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։ 

Որպես հերթական օրակարգային հարց՝ ի գիտություն լսվեց ԼՂՀ նախագահի ընտրության կազմակերպման և անցկացման մասին  կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը, որը ներկայացրեց ԼՂՀ ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանը։

Նիստի ավարտին պատգամավորական հայտարարությամբ հանդես եկավ Վահան Բադասյանը՝ մտահոգություն հայտնելով գազալցակայաններում շրջանառվող գների կապակցությամբ, որոնք, ըստ պատգամավորի, անհիմն բարձր են։ 

Այսպիսով, ԱԺ  հերթական լիագումար նիստն ավարտեց աշխատանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]