Բելգիայի հայերը բողոքի նամակ են ուղարկել Հունգարիայի ԱԳ նախարարին
ԲՐՅՈւՍԵԼ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում բնակվող հայերը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ Բրյուսելում իրենց բողոքն արտահայտելու նպատակով ցույց են անցկացրել Եվրամիությունում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, ցույցի մասնակիցներն իրենց բողոքի նամակն են փոխանցել Հունգարիայի ներկայացուցչին` Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնիին ներկայացնելու պահանջով:
Մասնակիցները խստորեն դատապարտել են Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին հանձնելու Հունգարիայի որոշումը: «Մենք ակնկալում ենք, որ Հունգարիան խստորեն կդատապարտի Ադրբեջանին` վերջ դնելով արդարության` նավթի և գազի արյունոտ փողերի դիմաց վաճառքին»,- ասվում է բողոքի նամակում:
Հունգարիայի ներկայացուցիչը վստահեցրել է Հայ դատի ներկայացուցչին, որ նամակը կհանձնվի Հունգարիայի ԱԳ նախարարին և հույս հայտնել, որմոտ ապագայում Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունները կկարգավորվեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում