Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները Հունգարիայի եւ Ադրբեջանի հյուպատոսություններից կպահանջեն Սաֆարովի պատիժը

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները Հունգարիայի եւ 
Ադրբեջանի հյուպատոսություններից կպահանջեն Սաֆարովի պատիժը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: ԱՄՆ Հայկական մի շարք կազմակերպություններ` այդ թվում Հայ երիտասարդների ֆեդերացիան, Միասնական հայ երիտասարդները, «Կայծ» երիտասարդական կազմակերպությունը, Շանթ ուսանողական միությունը եւ այլ կազմակերպություններ, համատեղել են իրենց ուժերը` սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի եւ Հունգարիայի հյուպատոսությունների մոտ համատեղ բողոքելու Սաֆարովի արտահանձման եւ նրան ներում շնորհելու դեմ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, բողոքի ցույցը կազմակերպող եւ համակարգող հանձնաժողովի  պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մենք` վերոհիշյալ կազմակերպություններս, մեր զայրույթը եւ վրդովմունքն ենք արտահայտում Հունգարիայի կառավարության անբարոյական եւ անպատասխանատու որոշման առնչությամբ: Որոշում, որի համաձայն Հունգարիան ոճրագործին արտահանձնեց Ադրբեջան: Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության կողմից ատելությամբ լցված գործողությունները, որոնց արդյունքում Սաֆարովն ազատ արձակվեց, ներվեց եւ հերոսացվեց: Մարդասպանին ազատ արձակելը թույլ տվեց պարզապես փախչել պատժից  եւ Ադրբեջանում դառնալ ազգային հերոս»: 

Հայտարարության մեջ նաեւ մեջբերվում է 1983թ-ին ստորագրված Ստրասբուրգի կոնվենցիան, համաձայն որի` իրականացվել է փոխանցումը: Սրան ի պատասխան`  շեշտվում է, որ Բուդապեշտի պաշտոնյաները հնարավոր չէ անտեղյակ լինեին այն փաստի մասին, որ վերը նշված Կոնվենցիան  ներառում է կետ, որը թույլ է տալիս արտահանձնումն ընդունող երկրներին ներում շնորհել փոխանցված բանտարկյալներին: «Հաշվի առնելով այս հանգամանքները` ակնհայտ է, որ Հունգարիայի կառավարությունը որոշել է անտեսել բարոյականությունը եւ արդարությունն ադրբեջանական նավթադոլարների դիմաց: Եվ չնայած ադրբեջանական կողմի վստահեցումներին, թե Սաֆարովի պատիժը չի մեղմացվի, դաժան հանցագործին երկրում անմիջապես ներում շնորհվեց նախագահի կողմից: Մենք եւս մեկ անգամ դարձանք ականատեսն այն մարդկանց վայրագությունների, որոնք քարոզում  են ատելություն հայերի նկատմամբ, ինչը համահունչ է Ադրբեջանի կառավարության թշնամական քաղաքականությանը: Մենք դատապարտում ենք  եւ' Հունգարիայի կառավարությանը, եւ' Բաքվի կոռումպացված վարչակարգը: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը միանալու մեզ, որպեսզի միասին պահանջենք Հունգարիայից ներողություն եւ արտահանձման վերաբերյալ անբարո որոշման չեղյալ հայտարարում: Ադրբեջանի կառավարությունից մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել Սաֆարովի ներումը եւ անհապաղ բանտարկել ոճրագործին»,-ասվում է հայտարարությունում:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am