Հայ հաքերները հարձակվել են President.az-ի վրա
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը` President.az-ը չի գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքը հարձակման է ենթարկվել Armenian Cyber Army հաքերային խմբավորուման կողմից:
«Հաքերային խմբավորումը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա կցորդ էջ է ավելացրել` Գուրգեն Մարգարյանի նկարով: Հարձակման առիթն էլ հանդիսացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը»,-ասաց նա:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել եւ տեղափոխվելով Ադրբեջան` ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում