Հայ հաքերները հարձակվել են President.az-ի վրա

12:12, 1 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը` President.az-ը չի գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքը հարձակման է ենթարկվել  Armenian Cyber Army հաքերային խմբավորուման կողմից:

«Հաքերային խմբավորումը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա կցորդ էջ է ավելացրել` Գուրգեն Մարգարյանի նկարով: Հարձակման առիթն էլ  հանդիսացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը»,-ասաց նա:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել եւ տեղափոխվելով Ադրբեջան` ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից: 


© 2009 ARMENPRESS.am