Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախյան ազատամարտի տարիներից ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 700 մարդ

Արցախյան ազատամարտի տարիներից ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 
700 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի տարիներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհայտ կորած է համարվում ավելի քան 700 մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշեց, որ նրանցից ավելի քան 400-ը քաղաքացիական անձինք են եւ ավելի քան 200-ը` զինվորական: Քոչարյանը շեշտեց, որ ԼՂՀ տարածքում ադրբեջանցի ռազմագերի չկա:

Անհայտ կորածների թիվը ճշտվում է, քանի որ պետք է պարզել նաեւ, թե քանի մարդ է անհայտ կորել Շահումյանի շրջանից: Հանձնաժողովի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալները տարբերվում են միմյանից, քանի որ անհայտ կորածների հարազատները երբեմն հանձնաժողովին եւ կոմիտեին տեղյակ պահելուց գերադասում են դատարաններ դիմելը: Ներկայում աշխատանքներ են տարվում` հայտնաբերելու, թե քանի մարդ է անհայտ կորել Շահումյանի շրջանից, սակայն դա հեշտ գործ չէ, քանի որ Շահումյանից մարդիկ տեղահանվել են եւ ցրվել ԱՊՀ երկրներով: «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության տվյալներով` տարբեր աղբյուրներ միայն Շահումյանի շրջանից հիշատակում են 500-700 անհայտ կորածների մասին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Ղարաբաղյան պատերազմում հայ եւ ադրբեջանցի անհայտ կորածների թիվը 4000-5000 է։ ԼՂ հակամարտության տարածաշրջանում գործելով 1992թ-ից` ԿԽՄԿ-ն օգնել է հակամարտության հետեւանքով գերի ընկած անձանց հայրենադարձման կամ տեղափոխման գործընթացին: Կոմիտեն օգնել է Հայաստան վերադառնալ ավելի 700 մարդու, ովքեր, որպես գերի, պահվել են Ադրբեջանում:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը` հունիսի 29-ը, Հայաստանում եւ ԼՂՀ-ում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Հայաստանում նախատեսված է ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամների, Արցախյան պատերազմի վետերանների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն, ինչպես նաեւ հուշ-ցերեկույթ Երեւանի Կամերային երաժշտության տան դահլիճում: ԼՂՀ-ում Անհայտ կորած ազատամարտիկների հուշահամալիրում` նրանց հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, Նախագահի գլխավորությամբ պետական այրերը, զինվորականները ծաղկեպսակներ կտեղադրեն, կլինի «Հուշամատյան-2» գրքի շնորհանդեսը: Անհայտ կորածների հիշատակի օրը նշվում է 2000 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]