Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սոս Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ազատվել մանկական ամաչկոտությունից. ՖՈՏՈՇԱՐՔ

Սոս Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ազատվել մանկական ամաչկոտությունից. 
ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանն ապրող լեգենդ է, առանց ում գրեթե անհնար է պատկերացնել հայ թատերարվեստի ներկան ու ապագան. նրան ճանաչում են բոլոր հայերը` անկախ տարիքից կամ նախասիրություններից: Դժվար է այսօր գտնել մեկին, ում չեն հուզել քառասունից ավելի ֆիլմերում նրա մարմնավորած կերպարները կամ բարկացրել թատրոնում կերտած բացասական բնավորությունները: Այսպիսին է նա` անսահման համեստ ու բարի, ամաչկոտ ժպիտով ու աղաղակող լռությամբ: «Արմենպրես»-ը զրուցել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ, փորձել բացահայտել վերջինիս անբացատրելի հմայքի գաղտնիքը:

-Պարո'ն Սարգսյան, սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս գծագրվեց Ստեփանավանում ծնված մանչուկի մուտքը թատրոն, իսկ այնուհետեւ` նաեւ կինո:

Ինձ համար դեպի թատրոն ճանապարհ է բացել իմ դպրոցի թատերական խումբը: Ափսոս հիմա այդպիսի թատերախմբեր չկան դպրոցներում. դրանք շատ մեծ դեր են խաղում երեխայի նախասիրությունների ձեւավորման հարցում: Իսկ կինո ավելի դժվարությամբ եմ մտել: Ռեժիսորներն այդ ժամանակ չէին վստահում հայ դերասաններին, միշտ Մոսկվայից ռուս դերասաններ էին հրավիրում: Դա տեւեց այնքան ժամանակ, մինչեւ եկավ Հենրիկ Մալյանը, ով այդ ամենը փոխեց եւ դարձրեց ազգային: Դրանից հետո սկսեցինք նկարահանվել եւ աստիճանաբար գրավել ոչ միայն «Հայֆիլմ»-ը, այլեւ Սովետական միության շատ ստուդիաներ:

-Մանկության տարիներին չափազանց ամաչկոտ երեխա եք եղել: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ «բարդույթը» եւ վստահորեն մուտք գործեցիք մեծ բեմ:

Ես մինչեւ հիմա էլ չեմ կարողացել հաղթահարել ամաչկոտությունս. ես մինչեւ հիմա էլ ամաչկոտ եմ եւ ամեն ինչից ամաչում եմ, ցավոք սրտի. երբեմն նույնիսկ մտածում եմ, որ ինձնից բացի էլ ամաչող մարդ չի մնացել (ծիծաղում է): Հիմա ով ինչ ուզում` խոսում է, ինչ ուզում` անում է: Հիմա էլ եթե սենյակում երեք հոգուց ավելի մարդ կա, ես ամաչում եմ նրանց մեջ, չգիտեմ ինչպես ինձ պահել, շփոթվում եմ, լավ չեմ զգում: Իսկ թե ինչպես կարողացա այդ ամենով հանդերձ բեմ դուրս գալ, մինչեւ այժմ չեմ էլ հասկացել: Ես զարմանում եմ ինքս ինձ վրա, թե այդքան քաշված, փակված, ամաչկոտ տղա լինելով` ինչպես համարձակվեցի հարյուրավոր մարդկանց առաջ բեմ դուրս գալ: Ըստ երեւույթին ինձ օգնեց թատրոնի նկատմամբ սերը եւ մոռացնել տվեց ամաչելու հատկությունս:

-Իսկ չե՞ք կարծում, որ պատճառը Ձեր առաքելության նախասահմանված լինելն է:

Ընդհանրապես իմ անցած դերասանական ճանապարհը Աստծո կողմից էր գծված: Ես ոչ մի ճիգ չեմ գործադրել, ինքն իրեն ամեն ինչ ստացվել է: Ինձ հաճախ են հարցնում, որ եթե դերասան չլինեի, ինչ կնախընտրեի, եւ ես միշտ ասում եմ, որ հողագործի տղա եմ եւ կուզենայի հողագործությամբ զբաղվել: Իսկապես կարոտում եմ հողը, բնությունը, գյուղացու աշխատանքը: Ես որ բահը ձեռքին մարդ եմ տեսնում, նախանձում եմ, քանի որ ինքս դա արդեն անել չեմ կարող: Ինչ երջանկություն է, երբ մարդ բազկի մեջ ուժ ունի եւ ֆիզիկական աշխատանք է անում: Դրանից լավ աշխատանք չկա աշխարհում:

-Թեեւ հավասարաչափ ներկայացել եւ հանդիսատեսին հիացրել եք միաժամանակ եւ թատրոնում, եւ կինոյում, այնուամենայնիվ, թատրոն, թե՞ կինո: Ո՞րն է ավելի հոգեհարազատ:

Իրականում ես երկուսն էլ հավասարաչափ սիրում եմ: Երկուսն էլ ունեն իրենց հմայքը, զարմանալի ձգողականությունը, գեղեցկությունը եւ իրենց խնդիրները, իհարկե: Հիասթափության պահեր էլ, իհարկե, շատ են եղել: Թատրոնից մի երեք անգամ ինքս եմ հեռացել, մի քանի անգամ էլ ինձ են հեռացրել: Բայց այնպես է ստացվել, որ եկել, պտտվել, պտտվել եմ ու ընկել նույն փոսի մեջ (ժպտում է): Չի ստացվել հեռանալս: Դերեր կան, որ իզուր եմ խաղացել, պետք չէր խաղալ, մասնավորապես կինոյում կան այդպիսի դերեր:

-Դուք մարմնավորել եք մի շարք բացասական կերպարներ, միայն Յագոն բավական է: Ինչպե՞ս եք կարողացել այդքան բարի լինելով հանդերձ` համոզիչ լինել:

Բարդ հարց է: Դերասանը չի կարող իր կերպարին մեղադրել, նույնիսկ դատավոր չի կարող լինել: Դերասանը պետք է դառնա այդ մարդու փաստաբանը, պետք է փորձի պաշտպանել: Երբ ես ստացա աշխարհի ամենա-ամենաբացասական Յագոյի դերը, իմ խնդիրը նրան բացահայտելը չէր, ես ուղղակի սկսեցի պաշտպանել նրան: Ու հենց դրա շնորհիվ դարձա համոզիչ Յագո:

-Համամի՞տ եք, որ եթե դերասանը ողբերգություն կամ դրամա չի ապրում կյանքում, չի կարողանում մարմնավորել կերպարը:

Մեծ դերասանի գործի հիմքը նրա իմացությունն է, հիմնականում` կյանքի իմացությունը: Դերասանությունը մեծ-մեծ, լայն գիտելիքներ եւ երեւակայություն է պահանջում: Պետք է հասկանաս, որ երբ մարդու դեմքին խփում են, նա ինչ է զգում: Նույնիսկ իմպրովիզացիան քո կուտակած գիտելիքներից է առաջանում, քո մեջ է թաքնվում եւ միանգամից հայտնվում է: Եթե դերասանի «պահարանում» կամ «սունդուկում» չի լինում, գլուխ չի բարձրացնում: Իրականում իմպրովիզացիան շատ-շատ հաճախ է փրկում բեմում:

-Ի՞նչ եք կարծում` դերասաններին էլ է վիճակված մեծերի վարքը` ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած:

Այդպես է, ու լավ է, որ այդպես է: Մեծ մարդիկ, որ շատ լինեն, արժեքը կկորի: Մեծերը գնացել են, գորշերը, միջակները եկել են մեծերի տեղը գրավել են: Նոր ծնվող երեխաների մեջ տաղանդավորներ կան, բայց առաջվա այն թատերական մթնոլորտը չկա, այն հողը, որտեղ տաղանդավոր երիտասարդը պետք է աճի: Պետք է ասպարեզ ստեղծել նրանց համար:

-Ո՞րն է եղել Ձեր մասնակցությամբ վերջին ֆիլմը: Ինչպիսի՞ ֆիլմում կցանկանաք նկարահանվել:

Մոտ հինգ տարի առաջ Մոսկվայում մի դետեկտիվ ֆիլմում նկարահանվեցի ու փոշմանեցի: Ինձ թվաց հետաքրքիր կլինի, բայց երբ նկարահանվեցի, պարզվեց, որ` ոչ: Իսկ ահա այս տարի նկարահանվել եմ «Ես եմ» ֆիլմում, որը կարծում եմ, որ շատ լավ է ստացվել: Այս պահին ֆիլմում նկարահանվելու առաջարկ չկա, թեեւ շատ-շատ եմ կինոն կարոտում: Եթե հետաքրքիր բան լինի, ասելիք լինի ֆիլմում, կնկարահանվեմ: Միայն թե չունեմ առաջվա ֆիզիկական ուժը: Մեծ դերասանները նաեւ հզոր տղամարդիկ էին: Փափազյանը կարող էր 80 կգ կնոջը Դեզդեմոնա խաղացնել, գրկել, տեղաշարժել, բարձրացնել: Այդ ուժն արդեն ես չունեմ:

-Ու՞մ կերպարն էր, որին մարմնավորելը այդպես էլ երազանք մնաց:

Միշտ ուզել եմ խաղալ Մակբեթ, սակայն չստացվեց: Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»-ն նույնպես չստացվեց: Արդեն ուշ է, այլեւս չի ստացվի. իրոք շատ էի ուզում: Խոսք էլ էին տվել, որ կբեմադրվի, սակայն այդպես էլ չարեցին:

-Ո՞ր դերն եք կարոտում:

Իմ ամենից սիրելի դերը եղել է Մկրտիչի կերպարը «Հեղնար աղբյուր»-ից, բայց իմ անհամեստ կարծիքով` ամենից ստացված դերը «Ձորի Միրոն» է: Իսկ Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի:

-Մեծ դերասաննե՞րն էլ են դժվարությամբ հաղթահարում տարիքը:



Այո, շատ դժվարությամբ: Դերասանները մինչեւ կյանքի վերջը կարծում են, որ իրենք ինչ-որ կային, այն էլ կան: Ինձ համար պառաված, ուժից ընկած դերասանը հաճելի չէ: Ես դա գիտեմ, դրա համար էլ բեմ դուրս չեմ գալիս: Ես ինձ կարողացա բեմի «վարակից», տենչանքից ազատել: Օրինակ, Փափազյանին մինչեւ վերջ էլ, որ ասեիր, բեմ դուրս կգար: Ութսուն տարեկանում ուզում էր Համլետ խաղալ (ծիծաղում է կարոտով):

-Պարո'ն Սարգսյան, ո՞րն է եղել Ձեր հաջողության գաղտնիքը:

Բնությունը ինձ տվել էր հրաշալի ձայն, առոգանություն, բոյ, բուսաթ, ուժ… Եթե դրանք ունես, մնացածի հիմքում կարող ես մի բան ստեղծել:

-Կյանքը թատրոն է, իսկ մենք` դերասաննե՞ր:

Հա, իհարկե: Միայն մի տարբերությամբ` կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնն ամեն կերպ բացահայտում է դա:

Իսկ ամենից վերջում «Արմենպրես»-ը հարցրեց, թե արդյոք Սոս Սարգսյանն իրեն երջանիկ համարում է, թե ոչ: Մեծագույն հայ արտիստը շուրջ երկու րոպե լռեց, աչքերն արցունքոտվեցին եւ ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»: Իսկ մենք վստահաբար կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը երջանիկ է, որ այդպիսի հանճարեղ դերասան ունի:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am