Քաղաքականություն

Եվրանեսթը չի զբաղվելու հակամարտությունների կարգավորման խնդիրներով

2 րոպեի ընթերցում

Եվրանեսթը չի զբաղվելու հակամարտությունների կարգավորման խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամարտությունների կարգավորումը Եվրանեսթի գործառույթներից դուրս է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը:

«Մենք ի սկզբանե պնդել ենք, որ չլինեն ձևակերպումներ հակամարտությունների վերաբերյալ»,- նշեց Զաքարյանը: Պատգամավորը շեշտեց, որ այս հարցի շուրջ կա համաձայնություն. Եվրանեսթը հակամարտությունները, և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու վայրը չէ: «Երբ մեր ադրբեջանական գործընկերները փորձեցին այդ հարցերն առաջ քաշել, պատասախանը հստակորեն եղավ այն, որ այդ խնդիրները չեն քննարկվելու»,- նշեց պատգամավորը:

Մինչդեռ նույն հանձնաժողովի լիտվացի համանախագահ Լայմա Անդրիկիենեն, ով նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է, շեշտեց, որ Եվրոպական խորհրդարանում քննարկվում են տարատեսակ հարցեր: «Մենք չունենք տաբուներ՝ քննարկում ենք ձգձված հակամարտություններին և մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցեր»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին՝ նշեց Անդրիկիենեն:

Լիտվացի պատգամավորը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական վեհաժողովներն ինստիտուտներ են, որտեղ պետք է կոնսենսուս կառուցել, ոչ թե միանշանակ հրամայական լուծումներ առաջարկել:

Անդրիկիենեն նաև շեշտեց, որ շատ կառուցողական հանդիպում են ոնեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Հարցեր հնչեցին քաղաքացիական հասարակության, առաջիկա ընտրությունների և Լեռնային Ղարաբաղի խնդիրների մասին: Հստակորեն շեշտվեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի հանրահայտ երեք սկզբունքների հիման վրա: Մեր խոսակցությունը շատ հանդարտ էր, իսկ հարց տվողները շատ կոնկրետ պատասխաններ ստացան»,- ընդգծեց Անդրիկիենեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում