Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերգո Կարապետյանը ցանկանում է գալիք տարում Հայաստանը տեսնել հզոր, Արցախը` միջազգայնորեն ճանաչված

Սերգո Կարապետյանը ցանկանում է գալիք տարում Հայաստանը տեսնել հզոր, 
Արցախը` միջազգայնորեն ճանաչված

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց  ցանկությունների ու երազանքների իրականցումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

 

- Պարոն Կարապետյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատու՞մ եք արդյոք ամանորյա հրաշքին:

 

-Յուրաքանչյուրիս համար Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Եվ 

այդ խորհուրդն առաջին հերթին պարուրված է լավատեսությամբ, միմյանց   բարին ու լավագույնը մաղթելու ցանկությամբ: Երազանքներն ավելի բնորոշ էին մանկության տարիներին, երբ երազում էինք նվերների, ապա ավելի ուշ` մասնագիտության մասին: Այսօր, թերեւս, կարելի է խոսել ցանկությունների մասին, որոնց իրականացմանը պետք է ձգտենք ինքներս` մեր ամենօրյա աշխատանքով ու պատրաստակամությամբ: Իսկ հրաշքներին պետք է հավատանք բոլորս, այդ հավատն է, որ ոգեշնչում է յուրաքանչյուրիս` մղելով արարելու ու ստեղծագործելու նորանոր ձգտումների:

 

-Կա՞ արդյոք մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

 

-Ամանորյա ցանկություններից ու գլխավոր բարեմաղթանքներից մեկը շարունակում է մնալ խաղաղ ու հզոր Հայաստան տեսնելը, մեր բոլոր հայրենակիցներին հայրենիքում մեկտեղված տեսնելը: Եվ ես հաստատ համոզված եմ, որ ունենալու ենք մեր երազած երկիրը: Ճիշտ է, այսօր կան դժվարություններ, բայց դրանք բոլորիս համատեղ ուժերի ներդրման ու նվիրումի շնորհիվ հաղթահարելի են:

 

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

 

-Անկեղծ ասած, նվերներ ստանալ չեմ սիրում: Փոխարենն անչափ հաճույքով նվիրում եմ, առիթների դեպքում պարտադիր շնորհավորում: Դա կփաստեն իմ մտերիմներն ու հարազատները: Ի դեպ, նվերներն անպայման ինքս եմ ընտրում եւ իմ ճաշակով: Ցանկանում եմ, որ այն ընդունողի կողմից լինի սպասված ու հաճելի: Իսկ մանկության տարիների նվերներից հիշում եմ Ձմեռ պապի տոպրակ կոչվածը` բաղկացած քաղցրավենիքից ու մրգերից: Ես էլ, ինչպես բոլոր երեխաները, սպասում էի Ձմեռ պապի հեքիաթային ծանրոցից իմ բաժնին:

 

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին են դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է թե հաճույք:

 

-Ամանորյա գնումները մշտապես ինքս եմ կատարել: Այս տարին եւս բացառություն չի լինի: Սիրում եմ ընտրել լավագույնը` լինեն դրանք նվերների տեսքով, թե ամանորյա հյուրասիրության: Պետք է ի սրտե տրամադրվես տոնական «հոգսերին»: Պատահական չէ ասված` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կշարունակվի: Այնպես որ, ինքս էլ սիրով եմ կատարում թե՛ գնումները, թե՛ սպասում ընտանիքիս անդամների հետ համախմբվելու մի սեղանի շուրջ ու ջերմ մթնոլորտում դիմավորելու Նոր տարին:

 

-Ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

 

-Բարեկեցություն եւ խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին, խաղաղություն յուրաքանչյուրիս ընտանիքում ու մեր սահմաններին: Ցանկանում եմ գա ժամանակ, երբ վերացված կլինեն սահմաններն ու մարդիկ կապրեն հաշտ ու համերաշխ: Մեր երկրին ցանկանում եմ հզորացում ու ամուր պետություն, ուզում եմ հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տեսնել որպես միջազգային հանրության ու պետությունների կողմից ընդունված երկիր:

Հարցազրույցը`    Արուսիկ Զախարյանի                                                       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am