Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վարդան Ղուկասյանը հավատում է, որ Գյումրին կվերականգնի հանրապետության երկրորդ քաղաքի երբեմնի հռչակը

Վարդան Ղուկասյանը հավատում է, որ Գյումրին կվերականգնի հանրապետության 
երկրորդ քաղաքի երբեմնի հռչակը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի դեկտեմբերի 7-ը ոչ միայն հիշատակի, այլ նաեւ անցած ճանապարհը գնահատելու օր է դարձել: Անցած  23 տարիներին Գյումրիում կատարված եւ առաջիկա անելիքները «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

 

-Պարո՛ն Ղուկասյանը, 23 տարիների ընթացքում Գյումրիում վերականգնման ի՞նչ աշխատանքներ են տարվել:

 

-Ես տեսնում եմ, որ բնակարանային շինարարության ավարտն արդեն եկել է: Անօթեւանների խնդիրը մոտ 90 տոկոսով լուծվել է: Հուրախություն մեզ` ՀՀ նախագահի շնորհիվ այսօր կառուցվում են բնակարաններ. գտնում եմ, որ 2012 թվականին անօթեւաննների խնդիրը կլուծվի: Աշխատանքներն արդեն տեսանելի են: Այս երկու տարիների ընթացքում  քաղաքում կառուցվեց մի հսկայական նոր թաղամաս: Դա հսկայական աշխատանք է՝ մանավանդ ճգնաժամի պայմաններում: Փա՛ռք Աստոծո, այդ  հարցը լուծվում է:

 

-Անօթեւանների խնդրից հետո ո՞րն էք համարում գերակա խնդիրը:

 

-Իհարկե, աշխատատեղերի խնդիրը:  Լենինականում, 1988 թվականից առաջ մոտ  90 հազար բանվոր էր աշխատում: Այսօր հանրապետության  մյուս բնակավայրերի  համեմատ այս խնդիրը ամենասուրը մեր քաղաքում է: Ճիշտ է` քաղաքապետարանը խթանեց փոքր եւ միջին բիզնեսը եւ վերջին 7 տարիների ընթացքում 80 մլդ  դրամի շինարարություն է արվում, դա հսկայական թիվ է, բայց դրանով քաղաքը չես կարող պահել, այն դեպքում, երբ վերջին տարիներին ներդրումները հիմնականում կատարվել են Երեւանում, իսկ Շիրակում դա չնչին տոկոս է կազմում:

 

-Ի՞նչ է անհրաժեշտ խնդրի լուծման համար:

 

-Ես գտնում եմ, որ պետք է լինի ազատ տնտեսական գոտի, ինչպես ցույց է տալիս մյուս երկրների փորձը: Գյումրիում անհատները չունեն այնքան գումար, որ հսկայական գործարաններ կառուցեն: Ցավոք, 90-ականներին, սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, շատ գործարաններ քանդվեցին, իսկ  ունեցվածքը վաճառվեց: Այն դեպքում, երբ 1988 թվականից առաջ, միայն Լենինականի մսի կոմբինատը կարող էր պահել քաղաքը: Պետք է պետական մոտեցում, հարկային բեռի թեթեւացում, առանց դրա գտնում եմ, որ ներդրումներ չեն արվի, ինչքան էլ դրա համար լավ դաշտ ստեղծվի: Քաղաքը քաղաք է մնում իր գործարաններով, իր արդյունաբերությամբ:

 

-Հե՞շտ է ղեկավարել ամենահոգսաշատ քաղաքը:

 

-Չեմ կարող ասել, թե հեշտ է, բայց կարեւոր է, որ մարդիկ սիրում են, իսկ երբ տեսնում են, որ դու սիրում եւ ծառայում ես ժողովրդին, գնահատվում ես, եւ աշխատանքն էլ ավելի է  թեթեւանում:

 

-Իրատեսական համարու՞մ եք, որ Գյումրին կկարողանա վերականգնել արդյունաբերական իր  երբեմնի ներուժը:

 

-Միանշանակ, չեմ կարող չհավատալ: Գյումերցիները աշխատող, արարող, ստեղծագործ մարդիկ են: Ես գիտեմ, որ կգա ժամանակ, որ Գյումրին որպես երկրորդ քաղաք կվերագտնի իր տեղը:

 

-Պարո՛ն Ղուկասյան, անցած 23 տարիներից  13-ը դուք եք ղեկավարում քաղաքը: Այս ընթացքում քաղաքի խնդիրների լուծման համար ամենարդյունավետ տարին ե՞րբ է եղել: Այս տարիների Ձեր գնահատականը: 

 

-Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ  Սերժ Սարգսյանի ժամանակ: Այս ընթացքում հսկայական շինարարություն արվեց: Իրականացվեցին աշխատանքեր «Լինս»-ի հիմնադրամի միջոցներով:  Հիմա եւս բնակարանաշինական մեծածավալ աշխատանքեր իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: Սրանք ամենակարեւոր տարիներն են: Գնահատելով անցած ճանապարը՝ որպես ամենամեծ ձեռքբերում, կարող եմ նշել մարդկանց վստահությունը: Եթե իմ ղեկավարած առաջին տարիներին գյումրեցիների մեջ չկար  հույս եւ հավատ, ապա մենք կարողացանք  վերականգնել մարդկանց հույսը եւ սեփական փորձով ապացուցել, որ կարելի է նաեւ Գյումրիում ներդրում կատարել եւ քաղաքը կառուցապատել: Ժողովրդի եւ քաղաքապետարանի միջեւ այսօր անդունդ չկա: Մենք կարողացանք դա հաղթահարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am