Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Վերաբացվեց Մ. Աբեղյանի անվան դպրոցը


ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հիմնանորոգումից եւ վերակառուցումից հետո, այսօր վերաբացվեց Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ երեք ավագ դպրոցը, որի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա մայիսից: 1993 թ-ին կառուցված շենքը մինչ այդ ընդամենը մասնակի էր վերանորոգվել, սակայն նորոգման հիմնական աշխատանքներ չէին իրականացվել: Շինարարական աշխատանքներն արդեն մասամբ ավարտվել են, եւ դպրոցը աշակերտներին ներկայանում է բոլորովին նոր տեսքով: Վերակառուցման աշխատանքների ընթացքում շենքի հիմքերն ամրացվել են, ինչի արդյունքում բարձրացվել է շենքի սեյսմակայունությունը: Մասնավորապես' գրանիտապատվել է շինության աստիճանավանդակը, կառուցվել է նոր կաթսայատուն, արդիականացվել է լսարանային ֆոնդը:

Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Սահակ Լեւոնյանը, համալսարանի հետ համատեղ գործունեությունը զգալիորեն բարձրացնում է դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի որակը, եւ ապագայում աշակերտների կրթության շարունակականությունը կդառնա ավելի սահուն եւ արդյունավետ: «Այս փորձն արդի կրթական բարեփոխումների կարեւոր նախաձեռնություններից մեկն է»,- ասաց նա' հավելելով, որ համալսարանի' դպրոցական ուսուցման հետ կապված ծրագրերում առաջնակարգ տեղ է հատկացվում աշակերտների համակողմանի զարգացմանը, նրանց ուսման եւ հանգստի ամենաբարենպաստ պայմանների ապահովմանը: ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաստիացրեց, որ բարձրագույն կրթության հիմքերը դրվում են ավագ դպրոցում, եւ իրենց նպատակն է կրթական ծրագրերի ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցում ձեւավորել ճարտարապետաշինարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ եւ լրացուցիչ ծրագրերի իրականացնելու միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքները: «Դպրոցում աշակերտների գիտելիքները կկառուցվեն բացառապես տրամաբանական հենքի վրա: Սա նշանակում է, որ մենք ապահովելու ենք ուսուցում, որն աշակերտին զերծ կպահի հավելյալ մասնավոր պարապմունքներից»,- ասաց նա: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը շրջեցին վերակառուցված դպրոցում եւ իրենց գոհունակությունն արտահայտեցին կատարված աշխատանքների վերաբերյալ: «Բուհի եւ դպրոցի միջեւ ձեւավորված նմանատիպ նախաձեռնությունը վստահություն է ներշնչում, որ հարմարավետ պայմանները, վերակառուցված եւ տեխնիկապես վերազինված դասասենյակները կնպաստեն կրթության որակի բարձրացմանն ու գիտելիքի նկատմամբ աշակերտների նոր վերաբերմունքի ձեւավորմանը»,- ասաց նա' դպրոցին մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

Այս դպրոցում դասավանդել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Սամսոն Դաղբաշյանը, այս դպրոցն է ավարտել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որոնց անուններով էլ դպրոցում լսարաններ բացվեցին: Նշենք, որ այս ավագ դպրոց ընդունվել է հարյուր հիսուն աշակերտ: Դպրոցում գործող ավագ դասարաններն ունեն ֆիզիկամաթեմատիկական, տնտեսագիտական, հաշվողական տեխնիկայի, ճարտարապետության, դիզայնի եւ այլ մասնագիտական կողմնորոշումներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ