ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում:
Սույն քայլը քաղաքական սադրանք է եւ որեւէ առնչություն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների ու կրոնական ազատության ու իրավունքների հետ»,-ասված է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ: Ըստ Մայր Աթոռի` միաժամանակ դա փորձ է ժխտելու Անիի մայր տաճարի հայկական պատկանելությունը, որ աղոթազրկվել է Հայոց ցեղասպանության հետեւանքով:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը եւ հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը:
Ակնհայտ է նաեւ, որ սույն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման»,-նշվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հայտարարության մեջ: