Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Լ. Տեր-Պետրոսյանը ողջունում է Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին ուղղված ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հրավերը


ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը ողջունում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: «Առիթը հարմար է, քաղաքական ինտրիգ չկա, սպորտային հանդիպում է, եւ դա կարող է հնարավորություն տալ սառույցը հալեցնելու համարե,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Լ.Տեր-Պետրոսյանը` տարօրինակ համարելով, որ մինչ այժմ Թուրքիայի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել Հայաստան (ՀՀ նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում): Նա Թուրքիայի վարչապետի` «Կովկասում կայունության եւ համագործակցության միությունե ստեղծելու նախաձեռնությունը դրական քաղաքական նախաձեռնություն է համարում: «Նման նախաձեռնությունները հոգեբանորեն նպաստում են իրավիճակի մեղմացմանը, հարաբերությունների հեշտացմանըե,-նշեց Լ.Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ Թուրքիայի հետ պետք է հաստատել նորմալ, բարիդրացիական հարաբերություններ, առանց նախապայմանների: Խոսելով Հարավային Օսիայի շուրջ ծավալված իրադարձությունների, դրանց հանգուցալուծման վերաբերյալ` Լ.Տեր-Պետրոսյանը նկատեց, որ մի կողմից սառեցված հակամարտությունները մեկը մյուսի հետեւից լուծվում են, մյուս կողմից այդ գործընթացը չի նշանակում, որ հեշտանում է մյուս հակամարտությունների լուծումը: Նա չի բացառում, որ այդ նախադեպերը գուցե ավելի բարդացնեն մնացած հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի լուծումները: Նրա դիտարկմամբ` մի դեպքում գործում է տարածքային ամբողջականության, մյուսում` ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց իրականում դրանք երկուսն էլ չեն գործում, «գործում են նպատակահարմարության, գերտերությունների շահերից բխող սկզբունքներըե: «Մի գերտերություն մի դեպքում կարող է նախապատվությունը տալ տարածքային ամբողջականությանը, մյուս դեպքում` նույնքան համոզվածությամբ` ազգերի ինքնորոշման սկզբունքին: Միջազգային իրավունք կոչեցյալը զորեղների եւ հզորների իրավունքն է. աշխարհում կարգը որոշում են աշխարհի 4-5 զորեղները: Ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի, ինչպես կլուծվի ԼՂ հարցը, դժվար է ասել: Կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվիե,-նշեց Լ.Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հակամարտության հարցում իր արտահայտած տեսակետների «պրոռուսականե որակմանը, նա նշեց, որ իր հայտարարությունը պրոռուսական չէր, իսկ իր թիմն աչքի չի ընկել հակառուսական դիրքորոշումներով: Նա կրկին ներկայացրեց իր դիտարկումներն այն մասին, որ Ռուսաստանը միջամտեց` թույլ չտալու ցեղասպանություն: «Ես պատմաբան եմ, քաղաքական գործիչ եւ ընդդիմադիր: Ես կաշկանդված չեմ հարկադիր տեսակետ արտահայտել կամ լռել: Այդ առումով ես Հայաստանի իշխանություններին չեմ մեղադրում. եթե ես լինեմ իշխանություն, գուցե ավելի զգուշավոր լինեմե,-ասաց նա: Ներքաղաքական գործընթացների, իր ղեկավարած շարժման հետագա գործողությունների մասին նա նշեց, որ հորիզոնական մակարդակով եւ տարբեր ուղղություններով կտարվի քաղաքական պայքարը` հասունացնելու այն ոչ թե որպես «անորոշ զանգվածի, այլ քաղաքական մեծամասնության ցանկությունե: «Ես դրան ձգտում եմ, կհաջողվի` կհաջողվի, չհաջողվի...ես համեստ մարդ եմ: Կհասնենք նրան, ինչին ձգտում ենք, չենք հասնի` ոչինչ, աշխարհը չվերջացավե,-ասաց նա: Լ.Տեր- Պետրոսյանը խոստովանեց, որ նստացույցները, հացադուլները չէին բխում շարժման խնդիրներից: «Մենք մեզ պատրաստ ու գիտակից էինք զգում որպես կայուն, մշտական ընդդիմություն, որը պետք է ամենօրյա պայքար մղեր: Սակայն մենք ճիշտ ճանապարհից չենք շեղվելու, չենք խախտելու օրենքը, դիմելու բռնությունների: Ցանկացած ընդդիմություն երբեմն իր հրատապությունը կորցնում է, սակայն մենք կաշխատենք այդպիսին չլինելե,-ասաց նա: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շարժման ներկայացուցիչների պասիվությունն ու թեկնածություններ չառաջադրելը նա պատճառաբանեց ոչ նպատակահարմարությամբ ու հարմար թեկնածու չլինելով: Կարեւորելով Երեւանի քաղաքապետի ընտրությունները` Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ թաղապետերի, գյուղապետերի ընտրություններում շարժման ներկայացուցիչները ինքնանպատակ խնդիրներ չեն դնում: «Որտեղ կա հարմար թեկնածու, մենք պաշտպանում ենք այդ թեկնածուին: Նույն սկզբունքը կկիրառվի նաեւ ապագայումե,-ասաց նա: Պատասխանելով հարցին, թե ում է տեսնում շարժումը գլխավորելու իր արժանի իրավահաջորդի դերում` նա նշեց, որ «անհատները կարեւոր չենե: «Այսօր այնպես է դասավորվել, որ ես եմ առաջնորդում շարժումը: Մեր գլխավոր նպատակն այն մշտական քաղաքական գործոն դարձնելն է, եթե դառնա` միշտ էլ առաջնորդներ կգտնվեն, իսկ ով էլ գտնվի, հավատացնում եմ, արժանի կլինիե,-ասաց նա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրեն մրցակից դիտելու մասին հարցին ի պատասխան նա նշեց. «Ես տասը տարի քաղաքականութմաբ չեմ զբաղվել, գիտությամբ եմ զբաղվել, եւ այդ ժամանակ ոչ մեկի քաղաքական մրցակիցը չեմ եղել: Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանն ինչով է զբաղվում, բայց երբ մտնի քաղաքականություն, եւ ես էլ մնամ քաղաքականության մեջ, բնականաբար մենք կլինենք մրցակիցներ, չի բացառվում` նաեւ դաշնակիցներ դառնանք. քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր էե:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]