ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Ղազարյան): Վերաբացվել է
ԼՂՀ Ասկերանի տարածաշրջանի Խաչենի սբ Ստեփանոս եկեղեցին: Հայ առաքելական
եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիսավոր
պայմաններում կատարել է եկեղեցու օծման արարողությունը, մատուցվել է առաջին
պատարագը: Եկեղեցին վերանորոգվել է
«üրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխությունե
բարեգործական կազմակերպության հովանավորությամբ: Վերաբացման արարողությանը
մասնակցել են նշված կազմակերպության ներկայացուցիչներ, տարածաշրջանի
ղեկավարությունը, գյուղի բնակչությունը:
Խաչեն գյուղի եկեղեցին ավելի քան հարյուրամյա պատմություն ունի. առաջին օծումը
կատարվել է 1902-ի մայիսի 5-ին: Խորհրդային տարիներին հարյուրավոր այլ
եկեղեցիների ու մատուռների պես այն նույնպես ավերվել ու սրբապղծվել էր:
Մայիսն Արցախ աշխարհի համար ոչ միայն հաղթանակների, այլեւ հոգեւոր զարթոնքի
ամիս է. 15 տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու Խաչի երեւման տոնին հաջորդել է
Շուշիի ազատագրումն ու սուրբ Ղազանչեցոցի փրկությունը: Մեկ տարի առաջ այս
օրերին օծվել է Եղծահողի սուրբ Սարգիս եկեղեցին: Խորհրդանշական է, որ այս տարի
դարձյալ նույն եկեղեցական տոնի նախօրեին վերաբացվել է Խաչենի սուրբ Ստեփանոս
եկեղեցին, իսկ մայիսի 6-ին` Խաչի երեւման տոնին, կղողանջի նաեւ Ստեփանակերտի
նորակառույց սուրբ Հակոբ եկեղեցու զանգը: