Ստեփանակերտում տեղի ունեցավ նախադեպը չունեցող զորահանդես` նվիրված եռատոնին
3 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ.Նարինե Ղազարյան): Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող զորահանդես` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 62-րդ, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ բանակի կազմավորման 15-րդ տարեդարձներին: Զորահանդեսին ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, երկու հանրապետությունների պաշտոնատար այրեր, սպայական անձնակազմի պատասխանատուներ: Զորահանդեսի հրամանատարն էր ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Զորահանդեսն ընդունեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Մարտիկներին ողջունելուց հետո, Սեյրան Օհանյանը զինվորների` զորահանդեսին պատրաստ լինելու մասին զեկուցեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին, Արկադի Ղուկասյանը նշեց. «Մայիսի 9-ի հաղթանակը նորագույն պատմության ամենահիշարժան օրերից մեկն է: Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել կորցրածի եւ վերագտածի սահմանագծում: Մենք արժանվույնս ենք գնահատում Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի ունեցած ավանդը: Պարտավոր ենք վառ պահել Շուշիի ազատագրման եւ մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակը: Բանակի ծնունդով ունեցանք անվտանգության ամուր եւ հուսալի երաշխավոր: Այսօր էլ հավատարիմ ենք ազատության, անկախության եւ ժողովրդավարության մեր հռչակած սկզբունքներին: Մեզ է պատկանում վճռական դերը մեր ճակատագրի կերտման գործումե: Խորհրդանշական է, որ զորահանդեսը սկսվեց Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների եւ Հայրենական մեծ պատերազմի վետերանների միասնական երթով: Վերածննդի հրապարակով անցան զրահատանկային, ավտոմոբիլային, հակաօդային տեխնիկան: Հանդիսավոր երթը եզրափակեցին նվագախմբի մարտիկները: Այսօրվա զորահանդեսը, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, իր ծավալներով չորս անգամ գերազանցեց Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման հնգամյակին նվիրված 1997թ. զինվորական գլխավոր միջոցառմանը: «Այսօրը, հիրավի, նշանակալի օր է ոչ միայն հաղթանակների, այլեւ իր գաղափարական իմաստովե,-նշեց նա: Զորահանդեսին հետեւում էին արտերկրից եւ Հայաստանից ժամանած հարյուրավոր հայրենակիցներ, հյուրեր, հազարավոր արցախցիներ: