Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես` նվիրված ՀՀ անկախության 15-րդ տարեդարձին


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Նարինե Նազարյան): Մայրաքաղաքի գլխավոր` Հանրապետության հրապարակով այսօր հաղթական քայլքով անցան Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի մասնակիցները` ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հրամանատարությամբ: Զորահանդեսին ներկա էին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ սպայակազմը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր: ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ներքին զորքերի 3 հազար 500 զինծառայողներին ողջույն հղեց ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Շքերթին մասնակցեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական կրթօջախի սաները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ բանակային կորպուսների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ներքին զորքերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ մարտական գործողությունների վարչության զինվորները: Ցուցադրվեցին հրթիռային զորքերի եւ հրետանու, հրաձգային, մոտոհրաձգային ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության տեխնիկան: Մայրաքաղաքի կենտրոնն ու Հանրապետության հրապարակը չփչացնելու համար այս զորահանդեսին չմասնակցեց միայն թրթուրավոր ծանր տեխնիկան: Հրապարակի վրայով սավառնեցին հայկական բանակի ավիացիոն ստորաբաժանումները` ԶՈւ ավիացիայի պետ, նշանառու օդաչու գնդապետ Ստեփան Գալստյանի ղեկավարությամբ` օդում պատկերելով հայոց եռագույն դրոշը: Զորահանդեսն ամբողջացրեցին ՄԻԳ-29 կործանիչները, ՍՈւ-25 գրահայինների հնգյակները, ՄԻ-24 ուղղաթիռների քառյակները, ՄԻ-8 տիպի ուղղաթիռները: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շնորհավորանքի խոսք հղելով հայ ժողովրդին, նշեց, որ հազարամյակների արմատներ ունեցող ժողովրդի համար պետականության 15 տարվա պատմությունը մեկ ակնթարթ է, որը, սակայն, ներառում է պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, անցումային շրջանի բոլոր բարդությունները: Ըստ Ռ.Քոչարյանի` պետական շինարարության համար Հայաստանի մեկնարկային պայմանները չափազանց բարդ էին, բայց բարձր էր ժողովրդի ոգին, եւ մեծ էր ցանկությունը հաղթահարել բոլոր դժվարությունները` հանուն ազատության եւ արժանապատվության. «Այդ ոգին պատերազմի կրակի մեջ ծնեց հերոսներ եւ ձեւավորեց բանակ, որն այսօր մեր հպարտությունն է։ Հայաստանի Զինված ուժերը հուսալի պաշտպանն են համայն հայության Հայրենիքի։ Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվե: «Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է։ Հաջողությամբ իրականացվում են բարեփոխումները բոլոր բնագավառներում: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանը դարձնում են նոր՝ ավելի լայն հնարավորությունների երկիր։ Դա ունի կենսական նշանակություն, քանի որ մրցունակ եւ արդյունավետ տնտեսությունը հիրավի կարեւորագույն գրավականն է ժողովրդավարական պետություն կառուցելու համարե, -նշեց Ռ. Քոչարյանը: ՀՀ նախագահի հավաստիացմամբ` իրականացվում են ռազմավարական ծրագրեր, որոնք ուղղված են երկրի եւ ժողովրդի համակողմանի առաջընթացին եւ հատկապես սոցիալական խնդիրների լուծմանը։ Պետությունն իր գերակա խնդիրների շարքում է դասել աղքատության հաղթահարումը, կյանքի նոր որակի ապահովումը, երկրի ողջ տարածքի համաչափ զարգացումը: Հայրենի պետության կայացման գործում Սփյուռքն ունեցել է անգնահատելի ներդրում: Բոլոր կարողություններով այն առաջին իսկ օրվանից կանգնել է նորանկախ պետության կողքին: ՀՀ նախագահը խորհրդանշական համարեց, որ այս հոբելյանական օրերին է անցնում Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը` վերարժեւորելով Սփյուռքի գործոնը եւ կապը դարձնելով փոխադարձ ու փոխլրացնող: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նա նշեց, որ հարցի արդարացի կարգավորումը մնում է գերակա խնդիր. «Այն կարող է հիմնված լինել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ հարգման վրա: Ոչինչ չպետք է սպառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը եւ կայուն զարգացմանըե: ՀՀ նախագահի խոսքով` այսպիսի թանկ հոբելյանը ոգեւորիչ է եւ պարտավորեցնող. «անել առավելագույնը հանուն Հայաստանի հզորացման։ Ջանք չխնայել կառուցելու այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներիե: Զորահանդեսը դիտելու էին եկել համահայկական տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով հայրենիք ժամանած սփյուռքահայեր, մայրաքաղաքի եւ մարզերի բնակիչներ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ