1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերջին հրաժեշտը Սիլվա Կապուտիկյանին


ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Այսօր սգո հանդերձանքի մեջ էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մուտքն ու ճեմասրահը: Երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը այստեղ վերջին հրաժեշտը տվեցին կյանքի 87-րդ տարում վախճանված մեծանուն հայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանին: Թատրոնի մուտքի առջեւ պսակներ էին դրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ վարչապետի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախարարությունների, կուսակցությունների, այլ գերատեսչությունների ու կազմակերպությունների եւ անհատների կողմից: Հանգուցյալի դագաղը դրված է երկրորդ հարկի ճեմասրահում: Նրան հրաժեշտ տալու են եկել գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, ուսանողներ, սփյուռքահայ հյուրեր: ...«Սիլվան չի գնացել, նա մեզ հսկայական գանձ է թողել, եւ մենք միշտ գործածելու ենք այդ գանձը: Նա անմահ է. ինչ ուներ, տվեց ուրիշին, իրեն չպահելով ոչինչ, իր հետ չտանելով ոչինչե, -«Արմենպրեսե-ի թղթակցին ասաց ազգային բարերար Վահագն Հովնանյանը, որը վերջին հրաժեշտը տալու էր եկել իր տիկնոջ հետ: Ավագագույն գրող Բոգդան Ջանյանը Հայրենական մեծ պատերազմի ճակատային գծում, կռվի դաշտում է լսել ճշմարտախոս, համարձակ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի անունը: «Այն ժամանակ, երբ մեր զորքերը նահանջ էին ապրում Սեւ ծովի, Տուապսեի մոտի անտառներով, իմ ձեռքն ընկավ մի բանաստեղծություն նահանջի մասին: Ես՝ զինվորս, որ հարյուրավոր դիակներ էի տեսել, տխրություն ունեի, բայց արցունք չունեի: Սիլվայի այդ բանաստեղծությունը կարդալուց հետո ես արտասվեցի: Այդ օրվանից Սիլվան ինձ համար պաշտամունք դարձավ: Ավելի սիրելի դարձավ խորհրդային տարիներին այն ժամանակ, երբ եկավ Լեռնային Ղարաբաղ, այնտեղ մնաց մեկ ամբողջ ամիս, տեսավ մեր մարզխորհրդի գործկոմի առաջ երեք բարդի, ու այդ պատկերի հիման վրա գրեց իր «Արցախի բարդիներըե, որոնք, իր խոսքերով կարծես գլուխ են բարձրացրել եւ Քիրսի գագաթով տեսնում են Հայաստանըե, -հիշեց Բ. Ջանյանը: Ճանաչված ասմունքող Սվետլանա Խանումյանը, որը տասնյակ տարիներ համերգասրահներում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ ներկայացրել է Կապուտիկյանի պոեզիան, ասաց, որ հայրենիքի մեծ քաղաքացի լինելուց բացի, նա հայապահպանության կուռքն է եղել ամբողջ սփյուռքում: «Այսօր մեր ազգը նրա պակասն այնքան է զգալու, ինչքան զգում է Պարույր Սեւակի պակասը: Նա ամենուր մեծ հայ էր. իր տան սովորական սեղանի շուրջը լիներ, թե ամենաներկայացուցչական ամբիոնից խոսելիսե, -ասաց Ս. Խանումյանը: Պատմագիտության դոկտոր, պրոýեսոր Կառլեն Դալլաքյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար եւ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ, նշեց, որ երբ մեծերը հեռանում էին, ժամանակի մարդիկ, ամենայն լրջությամբ ընդգծում էին, թե՝ ազգը որբացավ: Սա երեւի այդ դեպքերից մեկն է, որովհետեւ Սիլվա Կապուտիկյանը իբրեւ մեծ բանաստեղծուհի, իբրեւ մեծ մտածող ու հասարակական գործիչ, ազգի համար մայր, իրոք այնպիսի դեր էր կատարում, որ նրա հեռանալը պիտի ընկալվի իբրեւ ազգի որբացում: «Կունենանք, արդյոք, մենք մի նոր Սիլվա Կապուտիկյան, խիստ մեծ հարցականի տակ էե,- ասաց նա: Ըստ Դրամատուրգ Հրանտ Մարգարյանի (ԱՄՆ), Սիլվա Կապուտիկյանն ամբողջ կյանքը տվեց իր ժողովրդին Հայաստան աշխարհում եւ սփյուռքում, որովհետեւ այդ երկու հասկացությունները՝ Հայաստան եւ սփյուռք, նրա համար նույնն էին. նա գիտեր Հայաստանի պատմությունը, գիտեր նաեւ մտահոգությունը հայոց ապագայի հանդեպ: Այդպիսի մարդիկ շատ քիչ կգտնվեն մեր պատմության ամբողջ ընթացքի մեջ: «Իր արժեքը եւ կորուստն այսօր ավելի պիտի զգանք, որովհետեւ այդպիսի խրոխտ կեցվածք ունեցող մարդ առհասարակ քիչ կգտնվի: Գնաց մեծերին, անմահներին բարեւ տանելուե,- ասաց նա: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, որը իր վշտակցությունն արտահայտել է մամուլում հրապարակումով եւ բերել ծաղկեպսակ, հատկապես նշեց, որ Սիլվա Կապուտիկյանը մեծ ավանդ է բերել հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման գործին: «Ես հիշում եմ 1970-ական թվականները, երբ Երեւանում նշվում էր Լեսյա Ուկրաինկայի հոբելյանը, եւ հանդիսությունը վարում էր Սիլվա Կապուտիկյանը: Այդ երեկոյին հանդիպեցին երկու մեծ բանաստեղծուհիներ: Կապուտիկյանը հրաշալի է թարգմանել Լեսյա Ուկրաինկային, հոյակապ է թարգմանել Իվան üրանկոյի «Մովսեսըե պոեմը: Ցավոք սրտի վարպետները հեռանում են: Ես շատ կուզեի, որ նրանց թողած լավ ավանդույթները Հայաստանում շարունակվենե,- ասաց դեսպանը: ...Ցերեկվա ժամը 14-ն է: Հանգուցյալին վերջին հրաժեշտն են տալիս, պատվո պահակ կանգնում թաղման կառավարական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեւորականաց խումբը կատարում է հոգեհանգստյան պաշտոն, որից հետո սգո արարողության մասնակիցները հանգուցյալի դագաղը դուրս են բերում թատրոնի շենքից, եւ թափորը ուղղվում է դեպի Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ տեղի ունեցավ թաղման արարողակարգը: Օպերային թատրոնի շենքից մինչեւ Պանթեոն բանաստեղծուհուն տարան ձեռքերի վրա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]