Հասարակական

Ա. Բայբուրդյանն ընդունել է Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Լատուրյուին (Mr. Alexander Laturiuw) (նստավայրը` Կիեւ) վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը շնորհավորել է Ինդոնեզիայի դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան բարձր առաքելության մեջ: Նա դեսպանին ներկայացրել է հայ-ինդոնեզական պատմական շփումների արդյունքում առաջացած բարեկամական հարաբերությունները, որոնց զարգացման համար այսօր առկա է մեծ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներին եւ նշել այն ոլորտները, որոնցում համատեղ ջանքերով այսօր իսկ հնարավոր է համագործակցության ծավալների բարձր ցուցանիշներ արձանագրել: Դրանց թվում է ոսկերչությունը, ադամանդագործությունը, փայտամշակումն ու կահույքագործությունը, ագրոբիզնեսը եւ այլն: Առանձին նշվել է հայկական եւ ինդոնեզական գիտական մեծ ներուժի օգտագործման հեռանկարը` համատեղ գիտական նախագծեր իրականացնելու առումով: Ինդոնեզիայի դեսպան Ալեքսանդր Լատուրյուն, շնորհակալություն հայտնելով Հայաստանում ջերմ ընդունելության արժանանալու համար, իր հերթին բարձր է գնահատել հայ-ինդոնեզական համագործակցության ներկայիս ընթացքը եւ կարեւորել ասիական տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի առավել լայն գործընկերության հաստատումը: ՏԵՂԵԿԱՆՔ. Ալեքսանդր Լատուրյուն ծնվել է 1945թ.: Ավարտել է Կենտրոնական Ջավայի Սատյա Վականա Քրիստիան համալսարանի իրավաբանական ýակուլտետը: 1999- 2000թ.թ. եղել է Միջազգային պայմանագրերի տնօրինության վարչության պետ: 2000- 2001թ.թ. աշխատել է միջպետական համագործակցության գրասենյակում` որպես մարդու իրավունքի պետական փոխնախարարի օգնական, իսկ 2002թ-ից եղել է üիլիպիններում Ինդոնեզիայի առաքելության փոխդեսպան: Դեսպան Լատուրյուն ունի նախարարի դիվանագիտական աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում